Այսօր պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի խորհրդարանի նախագահ Էյկի Նեսթորի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին Գործերի նախարարության պաշտոնական կայքէջը։
Հայաստանի ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել են տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի բնագավառում արձանագրված դրական փորձը և նշվել, որ միջխորհրդարանական փոխգործակցության օրակարգում այս բնագավառները կարող են ստանալ նոր բովանդակություն և որակ:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը համագործակցության հեռանկարներ է բացում ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում, այնպես էլ՝ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Մնացականյանը նշել է Արևելյան գործընկերության դերը՝ որպես նախանշված նպատակների ուղղությամբ միասին աշխատելու և փոխգործակցություն ծավալելու արդյունավետ հարթակի: