Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարությունն առաջարկում է արգելել ծխելը հանրային բոլոր փակ տարածքներում


Հանրային բոլոր փակ տարածքներում նախատեսվում է արգելել ծխելը։ Առողջապահության նախարարությունը օրենքի նախագիծն արդեն կառավարություն է ուղարկել։

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշում է՝ երեք նպատակ ունի օրենքը. - «Նոր ծխողներին չդարձնել ծխող և ստեղծել միջավայր, որ չծխողները չդառնան ծխող: Երկրորդ՝ էն մարդկանց համար, ովքեր ուզում են թողնել ծխելը, ստեղծել միջավայր, որ իրենց հեշտ լինի թողնել ծխելը, և ծխելը թողած մարդիկ չդառնան նորից ծխող: Եվ երրորդը՝ էն մարդիկ, որ ծխում են ու չեն ուզում թողնել ծխելը, գոնե իրենք մի քիչ, այս կամ այն դժվարությունից ելնելով, քիչ ծխեն, քիչ օգտագործեն, որովհետև միևնույն է, եթե ինքը ծխում է՝ իր առողջությունն էլ է Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում»։

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում տղամարդկանց 50 տոկոսից ավելին ծխում է, կանանց՝ 2 տոկոսը։ Իսկ ծխախոտից առաջացած հիվանդությունների թիվն ահագնացող է, ասում է Բազարչյանը։

«Լավ վիճակագրություն չի՝ կապված ծխախոտի օգտագործման հետ։ Շատ բարձր է տղամարդկանց շրջանում տարածվածությունը քաղցկեղով, հատկապես թոքի քաղցկեղով, որը տղամարդկանց մոտ զբաղեցնում է առաջին տեղը տարածվածությամբ։ Բոլորը գիտեն, որ 80 տոկոսի դեպքում թոքի քաղցկեղի պատճառը ծխախոտի օգտագործումն է», - նշեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը։

«Եղիր տեղեկացված» հասարակական կազմակերպության նախագահ, դիջեյ Արուսիկ Մկրտչյանը տարիներ շարունակ ծխախոտի օգտագործման դեմ է պայքարում։ Նկատում է՝ անգամ այն վայրերում, որտեղ առանձնացված են ծխողների և չծխողների սրահները, միևնույն է արդյունավետություն չկա։

«Այդ չծխող սրահներում օդի աղտոտվածությունը ծխով 13 անգամ գերազանցում է նորման, հետևաբար հասկանում ենք, որ այնպիսի օդափոխիչ համակարգեր չեն կարող լինել, և այնպիսի մոտեցում և մոնիտորինգ էլ հնարավոր չէ անել, որ այդ չծխող սրահներում իրոք օդը այնքան մաքուր լինի, որ համապատասխանի նմանատիպ սրահի առկայությանը։ Չկա որևիցե ինչ-որ մի հնարավոր, ասենք, տարբերակ, որ ուզում ես քո ժամանցը անցկացնես։ Թեկուզ ես՝ որպես դիջեյ և մյուսները նաև որպես դիջեյ և աշխատողները այդ բոլոր սրահների, նրանք ենթարկվում են անդադար երկրորդային ծխի», - ընդգծեց Արուսիկ Մկրտչյանը։

Անդրադառնալով ընդդիմացող քաղաքացիներին, ովքեր պնդում են, թե այսպիսով խոչընդոտվում է իրենց ծխելու իրավունքը, Մկրտչյանը հիշեցնում է. - «Ծխելու իրավունք գոյություն չունի, կա իրավունք առողջության, որ Սահմանադրությամբ հիմնավորված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր առողջության պահպանման իրավունքը, և երբ դու ծխում ես, իսկ կողքինդ ներշնչում է այդ երկրորդային ծուխը, դու այդպիսով ոտնահարում ես նրա առողջության իրավունքը։ Պետք է պարզապես դուրս գալ փակ տարածքից և ծխել դրսում»։

Սակայն փակ տարածքներում ծխելու արգելքը այլ խնդիրներ է առաջացնելու, ասում է արդեն 8 տարի գործող «Կալյումե» փաբի տնօրեն Հրաչ Դավիդյանը։ Օրենքին կողմ է, բայց նշում է՝ չպետք է միանգամից ընդունել օրենք և պնդել, որ բոլոր հասարակական փակ վայրերում արգելվի ծխելը։ Դրսում ծխելը կհանգեցնի աղմուկի, որին էլ կհաջորդի՝ բնակիչների բողոքը, ասում է փաբի տնօրենը։

«Էս շրջանում կա մի 20 փաբ, ամբողջ երիտասարդությունը, ամբողջ տուրիստները պետք է դուրս գան և ծխեն մինչև ժամը 12-ը։ Ես ի՞նչ պետք է անեմ իբրև փաբ։ 85 տոկոսը ծխող է, պետք է դաստիարակել, որ չծխեն, ինչպես, որ Եվրոպայում, ինչպես ուրիշ երկրներում տարիների ընթացքում հասել են էնտեղ, որ 30 տոկոսը արդեն միայն ծխում է, էն ժամանակ օրենք կդնես։ Հայաստանը պատրաստ չէ, մեծամասնությունը ծխող է», - ընդգծեց Հրաչ Դավիդյանը։

Իսկ ահա 4 տարի ռեստորանային գործունեությամբ զբաղվող Արսեն Հովհաննիսյանն ասում է, որ առաջին իսկ օրվանից որոշում են կայացրել՝ իրենց մոտ ծխելն արգելված է։ Հաճախորդների թիվը չի պակասել, հակառակն ավելացել է: Ավելին՝ կարծում է, իրենց հաջողության գրավականն է դարձել ծխելու արգելքը։

Հովհաննիսյանը թվարկում է իրենց որոշման պատճառները․- «Երբ որ ձեզ ուտելիք են մատուցում ու կողքի սեղանից ինչ-որ մեկը թեկուզ հենց էդ սեղանին մեկը ծխում է, արդյունքում նախ դուք ազդում եք համային, հոտային ազդեցությունների վրա։ Մենք ուզում ենք մեր սնունդը մատուցվի էն համային որակներով կամ գինին մատուցվի էն համային որակներով, որը ի սկզբանե նախատեսել է մեր խոհարարը, գինին էլ ինչպես նախատեսել է արտադրողը։ Երկրորդ խնդիրը մեր մյուս հյուրերի իրավունքներն են, որովհետև մեզ մոտ հաճախ գալիս են հյուրեր, որոնք չեն ծխում, եթե մենք թույլատրենք ծխել... մեզ մոտ անմիջապես պասիվ ծխելու պատճառով բոլոր մյուսները սկսում են էլի շնչել այդ օդը։ Գոնե այն հատվածը, որ մարդիկ անց են կացնում մեզ մոտ, այսինքն իրենք էլ շատ հաճախ ասում են՝ ինչ լավա, էսօր շատ ավելի քիչ ծխեցի, քան թե այլ տեղ», - նշեց Արսեն Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG