Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետը չի շտապում կադրային փոփոխություններից խոսել


Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը աշխատակազմի հետ ծանոթանալուց երեք ժամ անց հանդիպեց լրագրողներին, ասաց՝ բաց ու թափանցիկ է աշխատելու: Անցած տարի՝ Թավշյա հեղափոխության օրերին, նույն մարզպետարանի շենքը շրջափակած ակտիվիստն այսօր արդեն պաշտոնյա է: Նշեց, որ դա դրսի ու ներսի պայքար չի եղել:

«Այդ պայքարը մեզ համար դրսի ու ներսի պայքար չէր, էդ պայքարը մեր ու մեր երեխաների լավ ապագայի համար պայքար էր։ Այսօր տեխնիկապես որոշում է կայացվել, որ պայքարի մի տեսակից վստահություն է ստանձնվել նաև սկզբից ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիների, մեր Շիրակի մարզի ազգաբնակչության կողմից, հիմա էլ նաև կառավարության և վարչապետի կողմից նաև իրականացնել էս գործառույթները», - ասաց Տիգրան Պետրոսյանը։

Նախկին մարզպետները սովորաբար պաշտոնը ստանձնելիս կադրային փոփոխություններ են արել և իրենց մարդկանց բերել: Արդյո՞ք այդ ավանդույթը շարունակելու է նաև Շիրակի արդեն տասներորդ մարզպետը:

«Կան հայեցողական պաշտոններ՝ այսինքն պաշտոններ, որոնք ուղղակիորեն մարզպետի աշխատանքի հետ են կապված: Դա ավանդույթ չէ, նաև որոշակի առումով աշխատանքային մոտեցումների, տեսլականների դրսևորումների հարց է։ Ես այս փուլում, քանի չեմ ներկայացվել նախարարի կողմից, որևէ կադրային փոփոխության մասին չեմ խոսում։ Կներկայացվեմ՝ արդեն նաև կծանոթանամ ռեսուրսներին, որովհետև ինքնանպատակ չէ այս ամեն ինչը, եթե կա ինստիտուցիոնալ հիշողության խնդիր, եթե կան մարդիկ, ովքեր նաև ոլորտում հաջողված փորձառություն ունեն, արհեստական ավելի էդ սկզբունքը, իմ կարծիքով, տեղին չէ։ Մենք այսօր շատ ավելի բարդ խնդիրներ ունենք լուծելու, հատկապես այն ֆոնին, երբ դեռ պարզ չէ կառուցվածքային փոփոխությունները ինչպիսին են լինելու», - ընդգծեց Շիրակի նորանշանակ մարզպետը։

Մարզպետարաններում սպասվող կադրային փոփոխությունների մասին այս պահին ձեռնպահ մնաց խոսել, բայց և չբացառեց դրանք: Պետական տարբեր կառույցներում ևս սպասվում են կրճատումներ: Գործազրկության ու աղքատության բարձր ցուցանիշ ունեցող մարզի համար կրճատումները դժվար թե անցնցում անցնեն: Մարզպետն ասում է՝ այդ գործընթացը նման է վիրահատական միջամտության, երբեմն նաև ստիպված են լինելու գնալ այդ քայլին:

«Հիմա մենք պետք է փորձենք առավելագույնս նախապատրաստվել այ գործընթացին, այսինքն նույն աշխատանքի և աշխատատեղեր ապահովող կառույցների հետ, փորձենք հասկանալ այլընտրանքները՝ նախ քանի հոգու է վերաբերում խնդիրը, ինչ այլընտրանքներ ունենք այս փուլում առաջարկելու այն մարդկանց համար, ովքեր սոցիալական բավականին բարդ իրավիճակում կհայտնվեն կրճատման արդյունքում», - նշեց նա։

Տիգրան Պետրսյանը հավելեց՝ առաջնային համարում են մարզում ներդրումների ապահովումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը: Նորերին հնարավորություն տալով՝ չպետք է անտեսել արդեն տարիներով գործունեություն ծավալող գործարարին, ընդգծեց նա:

«Մենք շատ հստակ տարբերակում պիտի անենք․ այն մարդիկ, ովքեր այսօր, հենց հիմա, Շիրակի մարզում գործունեություն են ծավալում, ովքեր ընդլայնվելու, ովքեր իրենց ունեցած միջոցներով նոր գործառույթներ իրականացնելու հնարավորություն ունեն, այս մարդկանց առաջին հերթին պետք է աջակցել։ Մարդիկ են, ովքեր տեղում են աշխատում, այս մարդկանց, եթե մենք առաջնահերթություն չենք տալիս, իրենց խնդիրները, իրենց մատի փուշը չենք հանում, ըստ էության, շատ ուրիշ ֆոների մասին խոսել ենք։ Մենք, իհարկե, պետք է օգտագործենք Շիրակի մարդկային ռեսուրսի գործոնը, որը այսօր Շիրակում չէ, որը ֆանտաստիկ մեծ է», - ասաց մարզպետը։

Մարտի 15-ին Գյումրիում կանցկացվի «Իմ քայլը հանուն Շիրակի» խորագրով գործարար համաժողովը, որն իր հետ նեդրողներ է բերելու մարզ: Պաշտոնը ստանձնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են նաև մարզի խնդիրները, որոնք տասնամյակներ չլուծվելով՝ ավելի են խորացել:

«Մենք երեկ խոսել ենք պարոն վարչապետի հետ։ Մարզում անօթևանության և աղքատության հետ կապված խնդիրները իրականում ստեղծում են մեր մարզի զարգացման համար բացասական ֆոն: Նաև իրավիճակն է շատ մտահոգիչ՝ մենք ունենք դեպքեր, երբ հումանիտար աղետի եզրին են մոտ ընտանիքները, մենք ունենք էդ իրավիճակը և պետք է ֆիքսենք՝ այդ իրավիճակը իր հերթին մարզում զարգացման, մարզի առաջ գնալու ֆոնի վրա նեգատիվ է ազդում։ Այսինքն առաջնահերթությունը մեր պարագայում անօթևանության և աղքատության խնդիրներն են», - ասաց Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետը փոփոխությունների հարցում հստակ մոտեցում ունի, որ եթե փոփոխություն են ուզում երկրում, ապա պիտի փոխվեն բոլորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG