Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը կառավարության ներկայացրած ծրագիրը «վերացական» է որակում


Կառավարության նիստը, 6-ը փետրվարի 2019թ.
Կառավարության նիստը, 6-ը փետրվարի 2019թ.

Կառավարության ներկայացրած ծրագիրը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը «վերացական» է որակում: Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասում է՝ մանրամասն քննադատությունն Ազգային ժողովի դահլիճում կներկայացնեն, սակայն հիմնական խնդիրն, ըստ իրենց, այն է, որ ծրագրում շատ քիչ են «ինչո՞ւ» և «ինչպե՞ս» հարցերի պատասխանները, դրված վերջնաժամկետներն ու չափելի ցուցանիշները:

«Ինչո՞ւ» հարցին պատասխան չտվող և ոչ այնքան առարկայական դրույթներ պարունակող փաստաթուղթ է։ Այսինքն հիմնականում բարի կամքի արտահայտություն էր, որ լավ կլիներ էսպես լիներ, էսպես լիներ։ Ավելի առարկայական ոչինչ չկար և շատ վտանգավոր էր, որ շատ ռազմավարական, անվտանգային նաև ոլորտներում կոնկրետ որոշակի դրույթներ պակասում են։ Մեկ բառով դժվար է, բայց երևի էդպես վերացական», - ընդգծեց նա՝ շարունակելով. «Կենացներ բոլորը կարող են ասել, ամեն մի հարսանիքի, ծնունդի, քեֆի գնացեք՝ մոտավորապես էսքան կենացներ կլսեք, որ սահմանները լինեն ամուր, մարդիկ լինեն առողջ։ Մեր նպատակը ուղղակի քննադատելը չէ, մենք չենք ուզում, որպեսզի կառավարությունը ձախողվի, ընդհակառակը՝ հիմա կառավարության ձախողվելը երկրի ձախողվելն է, մենք դա լրջագույն գիտակցում ենք, մեր առաքելությունը թույլ չտալն է այդ ձախողումը։ Մեր ամբողջ քննադատությունը ուղղված է դրան, որ, պարոնայք, մի հատ սկսեք աշխատել»։

Տնտեսական հեղափոխության նախադրյալներ ևս Գորգիսյանը փաստաթղթում չի տեսնում:

«Տեսլականը, որ մենք ունենալու ենք տնտեսական հրաշք, ես չեմ տեսնում այս ծրագրում։ Ես թվականներ ուղղակի փնտրեցի, թե ինչ նշաձողեր են, էսպես, դրած՝ էսինչ թվականին հասնել էստեղ, էստեղ, էստեղ։ Ընդամենը 12 նման թիվ կար ամբողջ 69-էջանոց ծրագրում։ Իհարկե քիչ է, որովհետև ծրագիրը պետք է լինի մոտավորապես ճանապարհային քարտեզ, որ դեպի ուր ենք գնում, ինչի համար և ինչպես», - ասաց Գորգիսյանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայն չէ՝ թվերի առկայությունը կամ բացակայությունը չի կարող խոսել ծրագրի արժանիքների մասին:

«Ճիշտն ասած, միայն այս կամ այն թվի լինելու, էն էլ ոչ թե ընդհանրապես թիվ չլինելու, այլ որևէ մեկի ճաշակով որևէ թվի բացակայությամբ պայմանավորված՝ ծրագրին էդպիսի գնահատական տալը առնվազն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի», - ընդգծեց Ջանջուղազյանը։

«Իմ քայլը» դաշինքից Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ է հակադարձում քննադատությանը, թե ծրագիրը վերացական է։

«Լավ ծրագիր, այսինքն՝ ապագային միտված ծրագիր։ Չափազանց կարևոր է, որ այդ ծրագիրը միտված է ապագային, և մեր դերակատարությունը նաև նրանում է, որ մենք կարողանանք օժանդակել կառավարությանը և համապատասխան վերահսկողություն իրականացնենք, որպեսզի այդ ծրագիրը կյանքի կոչվի։ Անցումային արդարադատության վերաբերյալ որոշակի նշումներ կան, չի օգտագործվում եզրույթը անցումային արդարադատության, բայց եթե ուսումնասիրեք փաստաթուղթը բովանդակային առումով, ապա կտեսնեք, որ այնտեղ, այդուհանդերձ, անցումային արդարադատության որոշակի դրվագներին, որոշակի հարցերին նվիրված դրույթներ կան», - նշեց Վարդանյանը։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասում է՝ գործողությունների ծրագիրն առանձին փասատթուղթ է, կառավարության ծրագրում ընդհանուր հայեցակարգային դրույթներ են գրվում:

«Այնտեղ չի գրվում՝ «իքս» ժամկետում անենք «իգրեկ» աշխատանք, դա գրվում է այլ փաստաթղթերում։ Եթե կոնկրետ ժամկետների մասին է՝ դա գործողությունների պլանում է գրվում, այսինքն բացի այս փաստաթղթից ևս մի քանի փաստաթուղթ է հաստատում կառավարությունը՝ հայեցողական ինչ-որ փաստաթղթեր են հաստատում, այնուհետև գործողությունների պլան, որտեղ գրվում է կոնկրետ որ մարմինը ի՞նչ ժամկետում ի՞նչ գործողություն պետք է կատարի, ի՞նչ ֆինանսավորման ակնկալվող արդյունքները, հնարավոր վտանգները», - ասաց Բաղդասարյանը։

Փաստարկներին, որ կառավարությունը կոնկրետ ծրագրերի ժամանակցույց պատրաստվում է ներկայացնել առաջիկայում առանձին փաստաթղթով` Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. - «Բայց հիմա կառավարության ծրագրին պետք է Ազգային ժողովը հավանություն տա կամ մերժի։ Էդ ծրագրում պետք է շոշափելի բաներ լինեն, որպեսզի հետագայում՝ մեկ տարի հետո, երկու տարի հետո, երեք տարի հետո Ազգային ժողովը տեսնի՝ ա՛յ, կառավարությունը գրել էր կամուրջը կկառուցենք՝ կառուցե՞ց կամուրջը»։

Թե ինչպե՞ս են քվեարկելու կառավարության ծրագրին, «Լուսավոր Հայաստանը» դեռ չի որոշել:

«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ դեմ քվեարկի, Գորգիսյանը պատասխանեց. - «Չի բացառվում։ Իսկ կառավարությանը ինչպե՞ս է պետք սթափության կոչ անել։ Կառավարությանը հենց նման բաներով են սթափեցնում»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ կարծիք չի հայտնում, խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ ինքը ծրագիրը չի կարդացել, խմբակցությունում էլ այն դեռ չեն քննարկել:

«Կառավարության ծրագիրը դեռևս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում չի քննարկվել, ուստի որևէ բան կառավարության ծրագրի վերաբերյալ ասել չեմ կարող», - նշեց Զոհրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG