Մատչելիության հղումներ

Ղարաբաղի իշխանությունները հակադարձում են Սամվել Բաբայանին


Տեսարան Ստեփանակերտից
Տեսարան Ստեփանակերտից

Ղարաբաղի իշխանությունները հակադարձում են Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին՝ արձագանքելով վերջինիս այն հայտարարությանը, թե 2017-ին Սերժ Սարգսյանը Ղարաբաղի վերնախավին հավաքել է դահլիճում և խոսել տարածքային զիջումների մասին:

«Ազատության»-ը տված հարցազրույցում Բաբայանը շեշտել էր, թե Ղարաբաղի վերնախավը որևէ կերպ չի ընդդիմացել Սերժ Սարգսյանին: Մինչդեռ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում հակադարձում է՝ խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իր գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով:

Ղուլյանը շեշտում է, թե իր համար անհասկանալի են փաստերի այն խեղաթյուրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետվում՝ 2020-ին Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին:

Ղուլյանն, ըստ էության, հաստատում է, որ Արցախի քաղաքական ուժերը 2016-ի հուլիսին հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, և որպես այդ հանդիպման մասնակից՝ Արցախի խորհրդարանի նախագահը գրում է. - «Թե ի՞նչ է քննարկվել Հայաստանի նախկին նախագահի հետ և որո՞նք էին հետևանքները, կարծում եմ, ակնառու է. դրանից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թե՛ պաշտոնական Երևանի, և թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել: Բազմիցս նշել եմ և այսօր էլ շարունակում եմ պնդել. տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են»։

Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին հակադարձել է նաև Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Ֆեյսբուքյան իր էջում, խոսքն ուղղելով Սամվել Բաբայանին և հանրությանը, Հարությունյանը շեշտում է, թե նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։

Հաստատելով, որ Ղարաբաղի վերնախավի և Սերժ Սարգսյանի միջև նմանօրինակ հանդիպում է եղել, Արցախի նախկին պետնախարարը ճշգրտում է՝ հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե 2017-ին, այլ 2016-ին՝ ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ եկել են ընդհանուր հայտարարի, «այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի»։

«Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, առաջնագիծն ու բանակը չի ամրացնում», - եզրափակել է Արայիկ Հարությունյանը:

«Կան տարածքներ, որտեղ մի միլիմետր էլ չի կարող սահմանը փոխվել ի վնաս Արցախի»

«Ազատության» հետ զրույցում Սամվել Բաբայանի աղմկահարույց հայտարարությանն է անդրադարձել նաև Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Վերջինիս փոխանցմամբ, այդօրինակ հանդիպումներից մեկում ներկա է եղել նաև ինքը, սակայն զիջումների մասին հարց չի քննարկվել, այլ խոսվել է խնդրի կարգավորման ընդհանուր տեսլականի մասին՝ ինչպիսի առաջարկներ ունի Ադրբեջանը, ինչպիսի առաջարկներ՝ հայկական կողմը:

Հարցին, թե զիջումների մասին խոսե՞լ է Սերժ Սարգսյանը, Բաբայանը պատասխանեց​. - «Զիջումների մասին ես չեմ լսել որևէ բան, որովհետև զիջումներ հասկացությունն առհասարակ ճիշտ չէ, պետք է լինեն փոխադարձ քայլեր և համահավասար, այսինքն՝ եթե մենք խոսում ենք սահմանների մասին, պետք է երկու կողմն էլ սահմանների մասին խոսեն և իրենց տեսլականը ներկայացնեն»։

Ղարաբաղի նախագահի խոսնակը շեշտում է՝ իրենց համար վերադարձ չկա անցյալ, չեն գնալու այնպիսի քայլերի, որոնք կթուլացնեն Ղարաբաղի անվտանգությունը, կան տարածքներ, որոնց կարգավիճակն անգամ քննարկման ենթակա չէ, անգամ մեկ միլիմետր:

«Մեր երեխաների ճակատագիրը ուրիշ մարդ չի որոշելու», - շեշտեց Բաբայանը՝ շարունակելով. - «Թող Ադրբեջանը հույսեր չփայփայի՝ որևէ մեկը չի կարող մեր անվտանգությունը թուլացնի։ Լավ, խոսում են վերադարձի մասին՝ անցյալի, ո՞նց կարող ենք մենք Քարվաճառը տալ որևէ մեկին, որտեղ սկիզբ են առնում մեր ջրային պաշարները՝ Արփա և Որոտան գետերը, ո՞վ պետք է դա տա, ո՞վ է կարողանալու մեզ համարժեք անվտանգություն ապահովի, ո՞վ, կամ ո՞վ ունի այդ ներուժը, որ գա և իրեն մարգարեի տեղ դրած համոզի ժողովրդին, որ սա պետք է տալ։ Ոչ մեկ, ժողովուրդն է արյամբ ազատագրել, ժողովուրդն էլ կորոշի իր ճակատագիրը»։

Դավիթ Բաբայան, արխիվ
Դավիթ Բաբայան, արխիվ

«Ազատություն». - Համաձա՞յն եք, որ վերջապես պետք է Հայաստանն ու Ղարաբաղը նստեն և մեկ փաստաթուղթ մշակեն, որով էլ գնան բանակցությունների։

Բաբայան. - Ընդհանրապես փաստաթուղթ հասկացությունը մի քիչ ճկուն չէ, որովհետև իրավիճակ կարող է ցանկացած պահին փոխվել։ Հետևաբար պետք է լինի ընդհանուր տեսլական՝ մոտեցումներ։

«Ազատություն». - Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունների միջև այսօր կա՞ այդ ընդհանուր տեսլականը։

Բաբայան. - Այո, տեսլականը հետևյալն է՝ առաջինը՝ մեր կարգավիճակը. մենք երբևիցե չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Սա սկզբունք է, սա տեսլական է, սա մեր աշխարհընկալումն է։ Երկրորդը՝ սահմաններն Արցախի երբևիցե չեն լինելու, չեն համընկնելու ԼՂԻՄ-ի սահմանների հետ, սա կնշանակի կործանում՝ կոտորած։ Այսինքն՝ մեր երեխեքի ճակատագիրն ուրիշ մարդ պետք է որոշի՞, երբևիցե չի լինելու, ամեն մի մարդ իր ընտանիքի, իր կյանքի ճակատագիրն է որոշում, ինչո՞ւ մենք պետք է գնանք ինչ-որ մի քայլերի և մեր երեխեքի ճակատագիրը... գան, մորթե՞ն մեր երեխաներին, ո՞վ է պատասխանը տալու, կամ ո՞վ է այդ մարդը, որ կարողանա իր վրա էդպիսի պատասխանատվություն վերցնի, չկա։

«Ազատություն». - Դա նշանակում է, որ այդ տարածքները վերադարձման ենթակա չեն։

Բաբայան. - Սահմանը պետք է անցնի այնպես, որ մեր անվտանգությունը լրիվությամբ ապահովվի, և այստեղ կան տարածքներ, որտեղ մի միլիմետր էլ չի կարող սահմանը փոխվել ի վնաս Արցախի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG