Մատչելիության հղումներ

Մարուքյան․ Երկու երրորդի նորմը ճգնաժամային իրավիճակի համար է նախատեսված


Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, հինգ նախարարություններ անորոշ վիճակում թողնելը Սահմանադրության խախտում է:

Մարուքյանը մեջբերում է Սահմանադրության 150-րդ հոդվածը, որի համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր նշանակումից հետո 5-օրյա ժամկետում պետք է առաջարկի նախարարների թեկնածուներին․ - «Մենք ունենք հինգ նախարարություն հիմա գործող, որոնք չունեն նախարարներ, անգլուխ մարմիններ են օդում կախված, և պարզ չի նրանց ճակատագիրը: Եվ մյուս տասներկու նախարարները, վարչապետը, փոխվարչապետերը, գնացել և երդվել են արդեն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին հայտարարել էր, որ ծրագրում են օպտիմալացնել կառավարությունը, կրճատել նախարարությունների թիվը և սահմանված ժամկետում կնշանակեն միայն նախարարների 2/3-րդին, ինչպես թույլատում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը:

էդմոն Մարուքյանը, սակայն, կարծում է, որ իրավական խորհրդատուները ճիշտ խորհուրդ չեն տվել Փաշինյանին, և սահմանված ժամկետում բոլոր նախարարներին չնշանակելով խախտվում է Սահմանադրությունը․ - «Ես կարծում եմ, որ սխալ խորհուրդ են տվել վարչապետին՝ ուղղորդելով այդ երկու երրորդի նորմին, որը այլ բանի համար է նախատեսված: Դա ճգնաժամային իրավիճակի համար է նախատեսված․ եթե, օրինակ, Հանրապետության նախագահը չի նշանակում և դիմում է Սահմանադրական դատարան, բայց գոնե երկու երրորդը նշանակված է, ուրեմն կառավարությունը համարվում է կազմավորված»:

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, սակայն, համադարձում է՝ Սահմանադրության խախտում չկա: Սահմանադրությունը, ըստ Կարապետյանի, նշում է, որ վարչապետը իր նշանակումից 5-օրյա ժամկետում պետք է նախարարների թեկնածուներ առաջարկի: Նաև ամրագրում է, որ կառավարության կառուցվածքն ու գործունեությունը առանձին օրենքով են սահմանվում, իսկ այդ օրենքի կետերից մեկը նշում է, որ կառավարությունը կազմավորված է համարվում, եթե նշանակված է նախարարների երկու երրորդը․ - «Միանշանակ է, որ վարչապետի կողմից կառավարության անդամների առնվազն երկու երրորդի առաջադրումը բավարար է վարչապետի՝ Սահմանադրության 150-րդ հոդվածով ամրագրված պարտականությունը ամբողջությամբ կատարած լինելու համար: Ինչ վերաբերում է կառավարության կազմավորման սահմանադրականությանը, ապա կառավարության անդամների երկու երրորդի նշանակմամբ արդեն իսկ համարվում է, որ կառավարությունը ձևավորված է: Հետևաբար հիմնավոր չեն այն պնդումները, որ կառավարության ձևավորման փուլում թույլ է տրվել Սահմանադրության խախտում»:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կարծիքով, մեկնաբանել Սահմանադրության և կառավարության գործունեության մասին օրենքի կետերն այնպես, ինչպես Էդմոն Մարուքյանն է անում, սխալ է: 2/3-ի մասին կետը՝ հատուկ կամ ճգնաժամային իրավիճակների համար չի նախատեսված, ինչպես պնդում է Մարուքյանը: Այդ կետը առանց մասնավոր դեպքեր նշելու ամրագրում է՝ կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակված են նախարարների 2-3-ը:

Վահանգ Հովակիմյան․ - «Պարոն Մարուքյանը, որպես փորձառու իրավաբան, ընդամենը մանիպուլյացիա է անում: Սահմանդրությունը չի պարտադրում, որ կառավարությունը կազմավորված պետք է համարվի միայն բոլոր նախարարների նշանակված լինելու դեպքում: Սահմանադրությունը նման նորմ չի նախատեսում: Ավելին, Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որպեսզի այդ իրավակարգերը կարգավորվեն օրենքով: Տվյալ դեպքում նման օրենք գոյություն ունի, և 3-րդ հոդվածի 9-րդ կետը հստակ ասում է, որ կառավարությունը կազմավորված է անդամների երկու երրորդի նշանակվելու դեպքում: Էստեղ ամեն ինչ իրավական տեսանկյունից շատ հասկանալի է»:

Էդմոն Մարուքյանը, մինչդեռ, ակնկալում է, որ կառավարությունը արագորեն հրապարակի կառուցվածքի վերաբերյալ նախագիծը՝ ներառելով Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական եկամուտների կոմիտեն․ - «Պարոն Փաշինյանը մայիսի 1-ին այս խորհրդարանում որպես վարչապետի թեկնածու, իրեն ուղղված հարցին ի պատասխան, ասաց, որ այո, այդ մարմինները պետք է վերադառնան կառավարության կառուցվածք և դառնան նախարարություններ: Հիմա ի՞նչ պատահեց, ինչո՞ւ չենք դա անում»:

Վահագն Հովակիմյանը, մինչդեռ, ասում է, որ եթե իրենք երկրի շահից ավելի բարձր դասեին իրենց քաղաքական շահը, այդպես էլ կվարվեին․ եթե այդ կառույցները դառնային նախարարարություններ, դա թույլ կտար այդ կառույցների ղեկավարներ նշանակել իրենց քաղաքական թիմի անդամներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG