Մատչելիության հղումներ

Օսիպյանն առարկեց «Սասնա ծռերի» նկատմամբ համաներման կիրառմանը


Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր դատարանում հայտարարեց՝ առարկում է, որպեսզի «Սասնա ծռերի» գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառվի: Օսպիյանը շեշտեց, եթե ընկերներ կորցրած չլիներ գուցե և այս հարցում այլ դիրքորոշում ունենար:

Հիշեցնենք, 2018-ին «Համաներման մասին» օրենք ընդունվեց, որտեղ սահմանված է առանձին դրույթ «Սասնա ծռեր» զինյալ խմբի գործի համար: Մասնավորապես՝ օրենքում վերապահում է արված, եթե պատանդառված և ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են համաներում կիրառելու դեմ, ապա համաներումը ամբաստանյալների վրա չի տարածվում և գործի քննությունը շարունակվում է ընդհանուր կարգով։ Օսիպյանը, ով դատարանում այսօր հանդես էր գալիս իբրև տուժող, 2016֊ին՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին, պատանդառվել էր զինյալ խմբի կողմից: Նա այն ժամանակ զբաղեցնում էր Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը:

«Եթե չլինեին կորցրած իմ գործընկերները և ընկերները, միգուցե իմ դիրքորոշումը այլ լիներ, բայց ես կորցրել եմ ընկերներ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը պիտի կրի օրենքով նախատեսված իր պատիժը: Առարկում եմ՝ այո», - հայտարարեց Օսիպյանը:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր դատարանի դահլիճում ցուցմունք տվեց, պատմեց ՊՊԾ գնդում անցկացրած օրերի մասին, ապա պատասխանեց ամբաստանյալների հարցերին: «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամներն իրենց հարցադրումներով փորձում էին ցույց տալ, որ Օսիպյանի նկատմամբ հարգալից վերաբերմունք է եղել, ինչին ոստիկանապետը առարկում էր, ասելով, որ վիրավորական վերաբերմունք էլ է եղել, բայց խմբի ոչ բոլոր անդամների կողմից:

Մասնավորապես, ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ արդյոք իրենցից շնորհակալություն հայտնել է գնդից դուրս գալուց առաջ: - «Մոտեցե՞լ եք, իրար հետ զրույց էղե՞լ ա, շնորհակալություն հայտնե՞լ եք, ձեռներս սեղմե՞լ եք մարդկային վերաբերմունքի համար՝ գնդից դուրս գալուց առաջ», - ոստիկանապետին դիմեց Կյուրեղյանը:

«Եթե շնորհակալություն եմ հայտնել, ուրեմն կոնկրետ անձ կա, որ իրեն եմ շնորհակալություն հայտնել, բայց ոչ բոլորիդ», - պատասխանեց Օսիպյանը:

«Այնտեղ Ձեր մարդկային պահվելու պայմանները պահվե՞լ են, մարդկային վերաբերմունք եղե՞լ ա», - շարունակեց Կյուրեղյանը:

«Էնքան էր մարդկային, որ մնում էր արդեն սանհանգույց էլ գայիք՝ կողներս կանգնեիք», - արձագանքեց ոստիկանապետը:

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը հարցրեց, ընդունո՞ւմ է, որ գնդի տարածքում եղած ժամանակ ասում էր, որ սիրում է իրենց: - «Պարո՛ն Օսիպյան, եթե մենք Ձեր հանդեպ լավ վերաբերմունք չենք ցուցաբերել, այդ դեպքում Դուք ինչո՞ւ էիք գնդի տարածքում ասում՝ Ձեզ բոլորիդ շատ սիրում-հարգում եմ», - հավելեց Բարսեղյանը:

«Սուտ եք ասում, սո՛ւտ ե՛ք ասո՛ւմ», - հակադարձեց Օսիպյանը:

Զինյալ խմբի անդամ Պավել Մանուկյան էլ հետաքրքրվեց՝ Վալերիյ Օսիպյանը իրեն «գնդի տարածքում եղած ժամանակ պատանդի կարգավիճակով զգացե՞լ է»: - «Այո», - պատասխանեց վերջինս: Մանուկյանը շարունակեց․ - «Իսկ հիմա պատանդի վիճակով զգո՞ւմ եք»: - «Ե՞րբ», - հարցեց Օսիպյանը: - «Հիմա», - ճշգրտեց Մանուկյանը: Ներկաներից ոմանք ծիծաղեցին: Օսիպյանի փոխարեն արձագանքեց դատավորը՝ Մանուկյանին նկատողություն հայտնելով «վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար»:

Վալերիյ Օսիպյանը ցուցմունքից հետո արագ հեռացավ դատարանից, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, ընդամենը «Ազատության» հարցին կարճ արձագանքեց՝ հանցագործություն կատարածները պետք է պատասխանատվություն կրեն։ - «Պետք է օրենքով բոլորը խստագույն պատասխանատվություն կրեն», - շեշտեց Օսիպյանը:

Ոստիկանապետից հետո դատարանում ցուցմունք տվեց նախկին փոխոստիկնապետ Վարդան Եղիազարյանը, ով նույնպես պատանդառվել էր զինյալ խմբի կողմից: Եղիազարյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են գնդի տարածքում իրեն և Օսիպյանին պատանդ վերցրել, ավտոմատները դրել իրենց պարանոցին ու գունդ տարել:

«Մի 20-30 մետր էր ՊՊԾ գնդի և Էրեբունու ոստիկանության բաժնի միջև, մի քիչ էլ մթնշաղ էր: Ես նույնիսկ չնկատեցի, որ բացի այդ երկուսից երկու֊երեք հոգի էլ հետևից մոտեցան, ինքնաձիգերը դրեցին վզներիս և պահանջեցին, որ գնանք գունդ: Այդտեղ քաշքշուկ եղավ, իհարկե, մի երկու վզակոթին խփել, բայց դա ինչ֊որ լուրջ բան չէր: Ստիպեցին, մի խոսքով, գնացինք գունդ: Այնտեղ ձեռնակապերով կապեցին՝ պլաստիկ մի քանի րոպե, հետո որոշեցին, որ պիտի հանեն», - պատմեց փոխոստիկանապետը:

Վարդան Եղիազարյանը շեշտեց՝ իր անձնական և սպայական արժանապատվության նկատմամբ լուրջ ոտնձգություն չի եղել, կար մարդկային շփում, բայց խումբը միատարր չէր և ոմանք անկանխատեսելի վարքագիծ ունեին: - «Վերաբերմունքը եղել է բավականին պարկեշտ, այնուամենայնիվ դա գնահատել որպես մեծ լավություն չի կարելի, և այդ հարցը՝ պատանդ էինք, թե գերի էինք․․․ իհարկե պատանդ էինք», - ասաց նա:

Ի դեպ՝ ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանը Վարդան Եղիազարայնի ցուցմունքի ժամանակ զգուշեցրեց․ - «Այն ժամանակ էլ ա բացատրվել Ձեզ, որ իշխանությունը յուրացված է եղել: Ոստիկանությունը համագործակցել է իշխանության հետ, խլել է մարդկային կյանքեր, խոշտանգելով սպանել է, հասցրել է ինքնասպանության, Երևանի փողոցներում գնդակահարել է տասնյակ քաղաքացիների: Եվ այդ պարագայում, եթե կրկնվի, մենք նույնպես սերժանտից մինչև գեներալ կպառկացնենք պոլին»:

Այս հայտարարությունից հետո դատավորը նկատողություններ հայտարարեց Արեգ Կյուրեղյանին, ապա և Սմբատ Բարսեղյանին դատական նիստից հեռացնելու որոշում կայացրեց, ինչին դահլիճում ներկա քաղաքացիները դժգոհությամբ արձագանքեցին: Ի պատասխան դատավորը հայտարարեց՝ որոշում է նիստերը դռնփակ անցկացնել՝ «բացառությամբ դատարանում գտնվող լրատվամիջոցների»:

Դատավորի այս որոշումից հետո դահլիճում լարված իրավիճակ էր՝ զինյալ խմբի աջակիցներն ու հարազատները հրաժարվում էին դուրս գալ նիստերի դահլիճից: «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը շեշտեց՝ դատական նիստը հատուկ է դռնփակ անցկացվում, քանի որ դատավորը տեսնում է, որ մեղադրանքը փլվում է։ - «Անգամ Քոչարյանի և Սերժի ժամանակ նման բան չի եղել», - հայտարարեց Սաֆարյանը, - «Հիշեք Մարտի 1-ի գործերը: Այսինքն սա միտումնավոր գործողություն ա, որի նպատակն է կոծկել քրեական գործը»:

Ավելի ուշ դատավորը հայտարարեց՝ քանի որ իր որոշումը չի կատարվում և քաղաքացիները դատարանի դահլիճը չեն ազատում, նիստը հետաձգվում է մինչև հաջորդ չորեքշաբթի: Դա նշանակում է, որ հաջորդ նիստին լրագրողներից բացի որևէ մեկին դահլիճ մուտք գործելու հնարավորություն չի տրվի:

Ի պատասխան Գևորգ Սաֆարյանն ասաց, թե դատական իշխանությանը սթափեցնելու համար համապատասխան քայլերի կդիմեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG