Մատչելիության հղումներ

Լույս է տեսել Հենրիկ Էդոյանի «Լույսը ձախ կողմից» ժողովածուն


«Գնալով ավելի դժվար է դառնում պոեզիա գրելը»․ չնայած այս պոետական ինքնախոստովանությանը, բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը բեղուն ստեղծագործական կյանքով է ապրում՝ գրեթե երկու տարին մեկ հայ ընթերցողի սեղանին մի նոր բանաստեղծական ժողովածու դնելով:

Գուցե, իր իսկ խոսքով՝ «Արևն է սրբում ուսերը հոգնությունից» կամ էլ «Ինքն այն խոսքն է, որը դեռ չի ասվել մինչև վերջ» և կամ գուցե «Սա իր ժամանակն է՝ իսկական ժամանակը, ասելու այն, ինչ պիտի ասեր»:

Հենրիկ Էդոյանի այս տողերը նրա նախորդ ժողովածուներից են, բայց արդեն բոլորովին վերջերս «Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել նրա բանաստեղծական նոր ժողովածուն, որը կոչվում է «Լույսը ձախ կողմից»: Շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ «Զանգակ» գրատանը:

Մինչև շնորհանդեսը «Ազատության» հետ զրույցում Հենրիկ Էդոյանն ասաց․ - «Խորհրդավորություն մի փնտրեք ժողովածուի խորագրի մեջ: Լույսը պարզապես ձախ կողմից էր: Լույսը տիեզերքի կարևորագույն ուժն է, ամենամեծ էլեմենտ է, լույսի մեջ Աստված է բնակվում»:

Ասաց նաև, որ այս ժողովածուի մեջ ամփոփված բանաստեղծությունները գրել է վերջին երկու տարում․ - «Բոլորովին անտիպ գործեր են, մինչև այժմ ոչ մի տեղ հրատարակված չեն եղել․․․ Իմ կարծիքով, մարդկային լեզվի ամենաբարձր որակը քնարերգության մեջ է դրված»:

Հարցին, թե արդյոք անջրպետ չկա այսօրվա գրականության ու ընթերցողի միջև, բանաստեղծն արձագանքեց․ - «Անջրպետ կա: Միայն Հայաստանում չի, ամբողջ աշխարհում է այդ անջրպետը․․․ Հիմա աշխարհում ուրիշ օրենքներ են տիրում՝ տիեզերական․․․ արվեստը մի քիչ ավելի դեկորատիվ է դարձել, արվեստը նախկին արվեստը չի, արվեստը այն մեծ հավերժական հարցերին պատասխան չի տալիս․․․ Այն մշակույթներ են զարգացած, որոնք ներկայի վրա են կառուցված: Չպետք է անցյալի ստվերները շատ փորփրել, ոչ էլ ապագայի հույսով: Ներկան: Հենց ներկան դասավորվեց, ապագան էլ կլինի, անցյալն էլ կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG