Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահ Թրամփը Կոնգրեսին դիմեց ամենամյա ուղերձով


Կոնգրեսում Միացյալ Նահանգների նախագահի ամենամյա ուղերձը հնչեց մեկշաբաթյա ուշացումով: Դրա պատճառը դաշնային հաստատությունների 35 օր շարունակված հարկադիր պարապուրդն էր, այսպես կոչված Shutdown-ը, որ ծագել էր Սպիտակ տան և ամերիկացի օրենսդիրների միջև Մեքսիկայի հետ սահմանին պաշտպանական պատ կառուցելու Թրամփի գաղափարի շուրջ առկա տարաձայնությունների հետևանքով:

Չնայած այդ պարապուրդի ծանր հետևանքներին՝ Դոնալդ Թրամփն անցած գիշեր կրկին հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պատի կառուցման գաղափարից չի հրաժարվում:

«Մեր հարավային սահմանին տիրող անօրեն վիճակը սպառնալիք է հանդիսանում ամերիկացիների անվտանգության և ֆինանսական բարեկեցության համար: Մեր քաղաքացիների կյանքն ու աշխատանքի հնարավորությունը պաշտպանող ներգաղթի համակարգի ստեղծում` ահա մեր բարոյական պարտքը», - հայտարարել է Թրամփը:

Նրա խոսքով՝ ամերիկյան տնտեսության վիճակն այսօր աննախադեպ բարվոք է․ - «Գործազրկության մակարդակը հասել է նվազագույն ցուցանիշի վերջին 50 տարում, 65 տարի տևած ընդմիջումից հետո Ամերիկան ավելի շատ էներգակիր է արտահանում, քան ներմուծում»:

«Միացյալ Նահանգներում տնտեսական հրաշք է տեղի ունենում: Այդ հրաշքը կարող է դադարել միայն անմիտ պատերազմների, քաղաքական խաղերի և կուսակցական շահերով առաջնորդվող հետաքննությունների պատճառով», - նշել է Թրամփը` արժանանալով հանրապետական կոնգրեսականների բուռն աջակցությանը և դեմոկրատ օրենսդիրների դժգոհ, երբեմն անգամ քամահրական վերաբերմունքին:

Միացյալ Նահանգների նախագահը իր ամենամյա ուղերձում նաև հասկացրել է, որ ամերիկյան տնտեսության հետագա զարգացման հիմնական գրավականներից մեկը կարող է դառնալ արտերկրում իրականացվող ռազմական գործողությունների զգալի սահմանափակումը․ - «Մեր քաջարի զինվորականները արդեն գրեթե 19 տարի է, ինչ պատերազմում են Մերձավոր Արևելքում: Աֆղանստանում, Իրաքում շուրջ 7000 ամերիկացի հերոսներ են զոհվել, ևս 52 հազար ամերիկացիներ ծանր վնասվածքներ են ստացել այնտեղ: Մենք շուրջ 7 տրիլիոն դոլար ենք ծախսել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմների վրա: Դեռ նախագահի թեկնածու եղած ժամանակ ես հստակորեն խոստացել էի այս հարցում նոր մոտեցում որդեգրել: Հզոր պետությունները անվերջ պատերազմներ չեն վարում»:

Սրա հետ մեկտեղ Միացյալ Նահանգների նախագահը կոշտ քննադատության ենթարկեց Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին` հերթական անգամ հայտարարելով, որ Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցներն իրենց խստությամբ աննախադեպ են:

Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման շուրջ պայմանագրի չեղարկման ողջ մեղքը Թրամփը վերագրեց Ռուսաստանին` նշելով, որ Մոսկվան տարիներ շարունակ խախտում էր դեռ 80-ականներին կնքված պայմանագրի դրույթները:

Ամենամյա ուղերձի մի զգալի մասը Դոնալդ Թրամփը նվիրեց Չինաստանի հետ հարաբերություններին` մասնավորաբար Պեկինի և Վաշինգտոնի միջև պարբերաբար ծագող տնտեսական պատերազմներին․ - «Վերջերս մենք Չինաստանում արտադրված 250 միլիարդ դոլարի ապրանքների հանդեպ [ներմուծման] սակագներ սահմանեցինք, և այժմ մեր գանձարանը միլիարդավոր դոլարներ է ստանում մի երկրից, որը մեզ երբեք ոչինչ չէր վճարել: Չինաստանը, սակայն, դրանում որևէ մեղք չուներ: Ես մեղադրում եմ մեր առաջնորդներին ու ներկայացուցիչներին, որոնք հանդուրժել էին այդ խայտառակությունը: Ես շատ եմ հարգում նախագահ Սիին, և այժմ մենք բանակցում ենք նոր առևտրային պայմանագրի շուրջ, որը հնարավորություն կտա կառուցվածքային փոփոխության ենթարկել մեր տնտեսական կապերը, նվազեցնել Միացյալ Նահանգների՝ խրոնիկ բնույթ կրող առևտրային դեֆիցիտը և պաշտպանել Ամերիկայում առկա աշխատատեղերը»:

Մեկ այլ հեռավորարևելյան պետության` Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների առումով Թրամփը ևս բավական լավատես է․ - «[Հյուսիսային Կորեայում գտնվող] մեր պատանդները վերադարձել են տուն, միջուկային փորձարկումները դադարեցվել են, վերջին 15 ամիսների ընթացքում հրթիռների արձակումներ չեն եղել: Եթե ես չընտրվեի ԱՄՆ-ի նախագահ, ըստ իս, այժմ մենք Հյուսիսային Կորեայի հետ լայնածավալ պատերազմի մեջ կգտնվեինք: Դեռ շատ անելիք կա, սակայն իմ և նախագահ Կիմ Չոն Ունի հարաբերությունները բավական լավ են: Մենք կրկին հանդիպելու ենք փետրվարի 27-ին և 28-ին Վիետնամում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG