Մատչելիության հղումներ

Մակրոնը կատարում է հայ համայնքին տված նախընտրական խոստումը


Երեկ երեկոյան փարիզյան հյուրանոցներից մեկի դահլիճում տեղի ունեցավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը` երկրի նախագահ Էմանյուել Մակրոնի ներկայությամբ։ Նախագահը հանդես եկավ մի ելույթով, որում հայտարարեց, որ առաջիկա շաբաթներին ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է իբրև Հայոց ցեղասպանության նշանավորման ազգային օր։

Սա Մակրոնի նախընտրական խոստումն էր հայ համայնքին։ Հայտարարությունը ընդունվեց բուռն ծափահարություններով ներկաների կողմից, որոնց թիվը հասնում էր 300-ից 400-ի։

Այսօր Ֆրանսիայի մամուլը, օրաթերթերը, տարբեր լրատվամիջոցները իբրև կարևոր իրադարձություն նշել են երկրի նախագահի այդ որոշումը։

«Ֆրանսիան այն երկիրն է, որը նայում է պատմությանը առանց այն սքողելու։ Ֆրանսիան առաջիններից էր, որը դատապարտեց հայ ժողովրդի 1915 թվականի կոտորածները՝ իբրև մարդկության դեմ գործված ոճիր, երկար պայքարից հետո՝ 2001 թվականին, ընդունելով այն մի օրենքով, որը այնպես, ինչպես ես հանձն էի առել, ապրիլի 24-ին կհռչակվի իբրև Հայոց ցեղասպանության նշանավորման ազգային օր», - նշեց Մակրոնը՝ շեշտելով, որ ինքը տեղեկացրել էր իր այդ որոշման մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։

Մակրոնն անդրադարձավ նաև ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությանը: - «Վաղվա քաղաքացիները պետք է ամբողջապես տեղյակ լինեն անցյալի ճշմարտություններին», - ասաց նախագահ Մակրոնը:

Խոսելով Թուրքիայի հետ Ֆրանսիայի հարաբերությունների մասին՝ Էմանյուել Մակրոնը հայտարարեց․ - «Ֆրանսիան պահանջկոտ երկխոսություն է վարում Թուրքիայի նախագահի հետ: Մենք ունենք անհամաձայնություններ «Իսլամական պետության» դեմ պայքարի, Թուրքիայում հիմնական ազատությունների, մարդու իրավունքների, ցեղասպանության վերաբերյալ: Մենք ունենք նաև ընդհանուր շահեր, որոնք արդարացնում են երկխոսությունը»:

Այսօր Reuters գործակալությունը հաղորդել է, որ Անկարան խստորեն դատապարտել է Էմանյուել Մակրոնի այդ որոշումը՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին։

Մակրոնը իր 45 րոպե տևողությամբ ելույթում չշրջանցեց և ոչ մի հարց։ Հստակ պատասխաններ տվեց Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի կողմից իրենց ելույթներում առաջ քաշած և համայնքին հուզող գլխավոր խնդիրների վերաբերյալ։ Դրանցից մեկը Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենքերի վաճառքի հարցն էր։ Այս առթիվ Մակրոնը վստահեցրեց, թե Ֆրանսիան բարեխղճորեն հարգում է զենքերի վաճառի արգելման վերաբերյալ իր պարտականությունները։

«Մենք չենք վաճառում և չենք վաճառելու զենքեր, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հետ զինյալ գործողություններում», - ընդգծեց Ֆրանսիայի նախագահը։

Մյուս հարցը նույնպես վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին՝ այն բարեկամության համաձայնագրերին, որոնք Ֆրանսիայի մի քանի քաղաքներ կնքել են ԼՂ ներկայացուցիչների հետ՝ Ղարաբաղի բնակչությանը մեկուսացումից հանելու նպատակով։

«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը իրավականորեն, ինչի հետևանքով նման համաձայնագրերը անօրինական են։ Ղարաբաղի հարցում մենք առաջնորդվում ենք անկողմնակալության սկզբունքով և հավասարության սկզբունքը շարունակելու ենք կիրառել, որովհետև մի ժողովուրդ չի սահմանափակվում միայն բարեկամությամբ», - հայտարարեց Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը անդրադարձավ նաև 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը և վստահեցրեց, թե Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին: Մակրոնը հավելեց, որ առաջիկայում պետական այցով մեկնելու է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG