Մատչելիության հղումներ

Օսիպյանն առարկեց, որ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառվի


Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն առարկեց, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառվի։

«Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ ընկերներին, միգուցե իմ դիրքորոշումն այլ լիներ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված պատիժ», - ասաց Օսիպյանը։

Դատավորի հարցին, թե առարկո՞ւմ է, Օսիպյանը պատասխանեց. - «Այո, առարկում եմ»։

Ընդմիջմանն «Ազատության» հարցին, թե առարկությունը պայմանավորվա՞ծ էր միայն ընկերների կորստով, Օսիպյանը պատասխանեց. - «Միայն, օրենքով բոլորը պետք է խստագույն պատասխանատվություն կրեն։ Կա կատարված հանցանք և հանցագործության մասով պետք է բոլորը պատասխանատվություն կրեն»։

Այսօր շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը։ Օսիպյանը նիստին ներկա է որպես տուժող։ Նա ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին Երևանի փոխոստիկանապետն էր և մի քանի ոստիկանի հետ պատանդառվել էր։ Նա այսօր ցուցմունք է տալիս։

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց խմբի անդամների խափանման միջոց կալանավորումը, այժմ կալանքի տակ են միայն ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG