Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում:
Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ տասը տարվա մշտական բնակության հետ կապված խնդիրներ կան, նա նախատեսում է Ղարաբաղում այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել։ Բաբայանը նշում է՝ եթե համապատասխան թվով ձայներ հավաքի, ապա հնարավորություն կստանա մասնակցել ընտրություններին։
«Ազատություն». - Հնարավո՞ր է Ղարաբաղ վերադառնաք և այս կամ այն կերպ փորձեք մասնակցեք 2020-ին նախատեսվող նախագահական ընտրություններին։
Սամվել Բաբայան. - Ընդհանրապես Հայաստանում անընդհատ դրա մասին խոսում են, որ ես ինչո՞ւ չեմ վերադառնում Ղարաբաղ, ինչո՞ւ եմ ես այստեղ։ Օրենքով սահմանափակված է՝ տասը տարի անընդմեջ որ չեմ ապրել, չեմ կարող թեկնածու լինել։ Սահմանադրությունը թույլ է տալիս, որ 5-10 տոկոս ստորագրություն հավաքեմ, որ հնարավորություն ստեղծվի, որ մենք էլ մասնակցենք։ Մարտ ամսին մենք դրանով կզբաղվենք։
«Ազատություն». - Այսինքն՝ Դուք ցանկություն ունե՞ք առաջադրվելու նախագահի թեկնածու։
Սամվել Բաբայան. - Այո, առաջադրվելու ցանկություն ոչ թե ունեմ, այլ ինձ պարտադրում են։
«Ազատություն». - Ո՞վ է պարտադրում։
Սամվել Բաբայան. - Որ ստորագրությունը հավաքենք, կտեսնեք՝ ով է պարտադրում։
«Ազատություն». - Բայց Դուք էլ պետք է ունենաք ցանկություն։
Սամվել Բաբայան. - Ես հասկանում եմ, որ ես դեր ունեմ այնտեղ դեռ, մարած չենք, կփորձենք ամեն ինչ անենք՝ օգուտ բերենք։
«Ազատություն». - Ստորագրահավաքը մարտ ամսի՞ց է մեկնարկելու։
Սամվել Բաբայան. - Այո, մեկնարկելու է մարտից, ստորագրահավաքը կանենք, դրանից հետո պարզ կլինի՝ իշխանությունը կատարո՞ւմ է այդ քայլը, պահանջը, որը որ կա Սահմանադրությունում գրված, թե՞ դա էլ է անտեսում։ Հասկանո՞ւմ եք, այնքան պարադոքս է, որ այսօրվա գործող նախագահը 99 թվին Մոսկվայից եկել է և 2007-ին նախագահ է ընտրվել, տասը տարի անընդմեջ ապրե՞լ է, իհարկե՝ ոչ։ Դա սահմանափակել են, կարո՞ղ է Հայաստանից մեկը գնացել է այնտեղ նախագահ ընտրվի․ քե՛զ համար են սահմանափակել, հենց այդ օրենքը քո՛ համար են գրել: Կփորձենք հաղթահարենք։
«Ազատություն». - Կարծում եք, որ այդքան ստորագրություն կստացվի՞ հավաքել։
Սամվել Բաբայան. - Կտեսնենք։
«Ազատություն». - Իսկ ո՞վ է նախաձեռնողը լինելու։
Սամվել Բաբայան. - Ժողովուրդը։
«Ազատություն». - Ինչ-որ քաղաքական ուժեր կոնկրետ կա՞ն։
Սամվել Բաբայան. - Չէ, ոչ մի քաղաքական ուժեր, ժողովուրդը։
«Ազատություն». - Անհատնե՞ր պարզապես։
Սամվել Բաբայան. - Անհատներ, մարդիկ, կողմնակիցներ, ցանկություն հայտնողներ, ովքեր ուզում են, որ դու վերադառնաս։
«Ազատություն». - Վստահություն կարո՞ղ եք հայտնել, որ ստորագրահավաքը կիրականացվի, և Դուք կփորձեք մասնակցել ընտրապայքարին։
Սամվել Բաբայան. - Իհարկե, ես նորից եմ ասում՝ ստորագրահավաքն անպայման լինելու է՝ բավարար քանակությամբ և կրկնապատկված լինելու է, որ ապացուցեմ, որ էդ մարդիկ, առաջինը՝ ցանկանում են, որ ես վերադառնամ, երկրորդը՝ մնալ իշխանության, մի քայլ անել։
«Ազատություն». - Սա կլինի յուրօրինակ հանրաքվե Ձեզ համար՝ արդյո՞ք ցանկանում են Ձեր վերադարձը Լեռնային Ղարաբաղում, թե՞՝ ոչ։
Սամվել Բաբայան. - Այո, հանրաքվե է, մենք չենք թաքցնում։ Իրենք ինչքան կարող են թող խանգարեն, որ էդ ստորագրությունները չհավաքվեն։
«Ազատություն». - Կարծում եք, որ խանգարելո՞ւ է Բակո Սահակյանը Ձեզ։
Սամվել Բաբայան. - Ինձ համար դա խնդիր չի։ Դա իրենց պրոբլեմն է, ես չեմ ուզում։ Ես նախավերջին անգամ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ասել եմ՝ «գիծ ենք քաշում, մոռանում ենք ամեն ինչ՝ կոնֆլիկտներ, խնդիրներ»։ Ինձ թվացել է, որ պետք է հասկանային, որ էսօր այնքան ծանր է Հայաստանի ու Ղարաբաղի վիճակը, որ անձնական քեն քշելը, անձնական խնդիրներ լուծելը, սրա նրա հետ կոնֆլիկտներ անելն իմաստ չունի, ճիշտ չի, կարող է պետություն կորցնենք, տարածքներ կորցնենք, պետք չի դա անել։
«Ազատություն». - Իսկ նա ի՞նչ ասաց, պատրա՞ստ է այդ գիծը քաշել։
Սամվել Բաբայան. - Ես իմ պարտքը կատարել եմ, բացատրել եմ և ասել եմ անկեղծ՝ առանց հետին մտքերի, որ անձնական որևէ խնդիր որևէ մեկի հետ լուծելու չունեմ։
«Ազատություն». - Բակո Սահակյանը քաշե՞ց այդ գիծը։
Սամվել Բաբայան. - Հարց է՝ քաշել է, թե չի քաշել, կերևա մոտ ժամանակներս։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․