Մատչելիության հղումներ

Չավուշօղլու․ Պոլսո հայ համայնքը պատրիարքի ընտրության հարցում պետք է «մի քիչ էլ համբերի»


«Ակօս» պարբերականի հաղորդմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն նախօրեին Անկարայում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Պոլսո հայ համայնքը պատրիարքական ընտրության հարցի լուծման համար պետք է «մի քիչ էլ համբերի»:

Հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը, ներկա են եղել նաև Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ղեկավար Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Խաժակ Սրբազանը «Ակօս»-ի հետ զրույցում նշելով, որ այս հանդիպման գաղափարը Ամենայն Հայոց կաթողիկոսինն է եղել՝ շեշտել է, որ նախաձեռնության նպատակը ոչ թե հարցին միջամտելն է, այլ լուծմանը նպաստելը:

Արք. Պարսամյանը մանրամասներ է պատմել, թե ինչպես է կազմակերպվել նախարար Չավուշօղլուի հետ հանդիպումը․ - «Վեհափառը ցանկացավ, որպեսզի ես թուրքական կողմին ներկայացնեմ այս հարցի շուրջ իր տեսակետը: Հռոմում գտնվելիս այցելեցի Թուրքիայի դեսպանին և փոխանցեցի թուրք ԱԳ նախարարի հետ հանդիպելու ցանկությունը: Դեսպանն էլ շատ դրական արձագանքեց և ասաց, որ կփոխանցի նախարարին: Այնուհետև ինձ զանգահարեց և հայտնեց, որ նախարարը հանդիպման օր է նշանակել: Ես էլ այս զարգացումների մասին տեղեկացրեցի կաթողիկոս Գարեգին Բ-ին»:

Ամփոփելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու հետ շուրջ մեկ ժամ տևած հանդիպումը՝ արք. Պարսամյանը նշել է. - «Նախարարը մեզ շատ ջերմ ընդունեց, ես էլ շատ հստակ ներկայացրեցի մեր նպատակը, այն է՝ ոչ թե դրսից միջամտել գործընթացին, այլ ներկայացնել մեր մտահոգությունները, և եթե ինչ-որ կերպ կարող ենք աջակցել, պատրաստ ենք մեր ներդրումը ունենալ: Նախարարն էլ նշեց, որ սա ներքին հարց է, պետությունն էլ է ուզում պատրիարքական ընտրություններ, սակայն պետք է մի քիչ էլ համբերել: Զգացի, որ նրա խոսքերը անկեղծ են»:

Խաժակ Սրբազանը հավելեց, որ իր տպավորությամբ պետությունը ցանկանում է, որպեսզի այս գործընթացը հնարավորինս խաղաղ անցնի և ներհամայնքային լարվածություն չառաջանա:

Վերջին տասնամյակում Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը Ստամբուլի հայ համայնքի օրակարգում է: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008-ից անբուժելի հիվանդ է և փաստացիորեն չի կարող կատարել իր պարտականությունները: Թուրքական իշխանությունները, սակայն, չեն արտոնում նոր Պատրիարքի ընտրություն անցկացնել՝ այն հիմնավորմամբ, թե Մեսրոպ Մութաֆյանը դեռ ողջ է, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետևաբար ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG