Փետրվարի 3-ից հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Ազգային կինոկենտրոնին մեղադրում է իր «Տատիկիս վարսերը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի ֆինանսավորման կասեցման համար:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն այսօր հրավիրած ասուլիսին, որը նվիրված էր Ռոտերդամի փառատոնում այս տարի մեծ հաջողությամբ անցկացված հայկական ծրագրին, անդրադարձավ նաև կինոկենտրոնի հասցեին Հովհաննես Գալստյանի հնչեցրած մեղադրանքներին՝ շեշտելով, որ ոչ թե Ազգային կինոկենտրոնը պարտավորություններ ունի Հովհաննես Գալստյանի նկատմամբ, այլ ինքը՝ կինոռեժիսորը, որը դեռ տարիներ առաջ 93 մլն դրամ գումար է ստացել Ազգային կինոկենտրոնից, բայց մինչև այժմ այդպես էլ չի ներկայացել «Թողություն» խորագրով ֆիլմը: Փաստորեն, ըստ Շուշանիկ Միրզախանյանի, հիմա էլ նույն բանն է տեղի ունենում՝ Հովհաննես Գալստյանը Ազգային կինոկենտրոնից գումարներ է պահանջում և փոխարենը ֆիլմ չի ներկայացնում:
Բայց եթե առաջ տարիներ շարունակ այս սխեման է գործել Ազգային կինոկենտրոնում, ապա հիմա, Միրզախանյանի հավաստմամբ, այդպիսի բան այլևս չի կարող տեղի ունենալ: Նա շեշտեց, որ ինքն ունի բոլոր փաստաթղթերը և միայն ու միայն այդ փաստաթղթերի հիման վրա է եզրահանգումներ կատարում:
Ազգային կինոկենտրոնը կատարել է իր ֆինանսական պարտավորվածությունները, և Հովհաննես Գալստյանը այս վերջին՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի համար երկու տարի ֆինանսավորվել է Ազգային կինոկենտրոնի կողմից, բայց 2018 թվականի համար, ըստ Շուշանիկ Միրզախանյանի, որևէ փաստաթուղթ չկա, որով նախատեսված է եղել շարունակել ֆիլմի ֆինանսավորումը կինոկենտրոնի կողմից:
Հովհաննես Գալստյանը նաև դատական հայց է սկսել ընդդեմ Ազգային կինոկենտրոնի, որի տնօրենի՝ Շուշանիկ Միրզախանյանի համոզմամբ, դա հարցի լավագույն լուծումն է, և հենց դատաիրավական համակարգի միջամտությամբ թերևս այս թնջուկն իր լուծումը կգտնի․ - «Դատարանը ամենաճիշտ ճանապարհն է էս ամեն ինչի: Բազմիցս ասել եմ՝ իհարկե ես կողմ եմ նրան, ինչը որ օրինական հասանելիքն է: Վերջ: Եթե էս մարդում հասնում ա էդ գումարները՝ անկախ էդ պարտքերից և այլն, եթե նման որոշումներ լինեն․․․ դատարանի որոշումը բեկման ենթակա չի»:
Հիշեցնենք նաև, որ Հովհաննես Գալստյանը պնդում է, որ անցյալ տարի դեկտեմբերին սկսած իր առաջին հացադուլը դադարեցրել է միմիայն այն ժամանակվա Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի՝ իրեն տված երաշխիքից հետո, որ ֆիլմի ֆինանսավորոմը կշարունակվի: Իսկ այսօր Ազգային կինոկենտրոնի տնօրենը հավաստիացնում էր, որ նման երաշխիք ոչ ոք կինոռեժիսորին չի տվել, ավելին՝ այս կապակցությամբ ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի և ուրեմն իրոք, լավագույն լուծումը դատական քննությունն է:
«Երբեք Մակունցը չի խոստացել, որ, այո, մենք կտանք էդ գումարը», - պնդեց Միրզախանյանը:
Նա ասաց, որ դեմ է ու «վատ է տանում» Գալստյանի հացադուլը․ - «Եթե ինքդ դիմել ես դատարան․․․ Եթե մենք դիմած լինեինք, ու ինքը գնար հացադուլի, կասեի՝ մենք քայլը արեցինք, դրանից նեղվեց, գնաց հացադուլի: Ի՛նքն ա դիմել դատարան․․․ Ես չեմ կարում հասկանամ․․․ Ես պետք է գնայի հացադուլի»:
Հովհաննես Գալստյանը մեղադրում է Ազգային կինոկենտրոնին, որ ներկայացուցիչներ չի ուղարկել այս տարվա հունվարի 30-ին դատարան, և այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվել է երկու ամսով: Իսկ կինոկենտրոնի տնօրենն այսօր պնդում էր, որ կինոկենտրոնը հայցադիմումը, ոչ թե ծանուցումը, այլ հայցադիմումը ստացել է դատական նիստից մեկ օր առաջ միայն, այդ իսկ պատճառով էլ դատական նիստը հետաձգելու միջնորդություն են ներկայացրել: