Մատչելիության հղումներ

Հեղափոխության օրերին ծանր վնասվածք ստացած ցուցարարը կառավարությունից փոխհատուցման է սպասում


Ոստիկանները արգելում են առաջանալ փողոցը փակած ցուցարարներին, արխիվ
Ոստիկանները արգելում են առաջանալ փողոցը փակած ցուցարարներին, արխիվ

Զավեն Գրիգորյանը անցած տարվա ապրիլից տեղաշարժվում է միայն հենակների օգնությամբ: Ոտքերի ծանր վնասվածքը ստացել է ապրիլի 16-ին ցուցարարների ու ոստիկանների բախումների ժամանակ, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը փորձում էր անցնել փշալարարերից այն կողմ, ոստիկաններն էլ դիմադրում էին՝ հատուկ միջոցների կիրառմամբ:

«Նռնակը գցեցին մեքենայի վրայից, ոնց հասկացա, գլորվել է, ընկել է անմիջապես ձախ ոտքիս էս հատվածը։ Պայթյուն տեղի ունեցավ, ես հասկացա, որ ես եմ պայթել։ Առաջին պահին ուզում էի հենվեի ոտքիս վրա, զգացի, որ չեմ կարող ու ընկա գետնին», - պատմում է Գրիգորյանը։

Զավեն Գրիգորյանը շինարարական գործունեություն է ծավալել տարբեր երկրներում, նաև հարևան Վրաստանում: Ապրիլյան շարժման ժամանակ հենց Վրաստանից է Երևան եկել ցույցերին մասնակցելու նպատակով: Ապրիլի 16-ին առաջին շարքում է եղել, ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից խուսափել չի հաջողվել: Երկու անգամ վիրահատվել է: Վերջինը՝ նոյեմբերին՝ առողջապահության նախարարության աջակցությամբ: Սակայն ֆիզիկական աշխատանքի ի վիճակի չէ: Ասում է՝ տասը ամիս գումար վաստակելու հնարավորությունից զրկված է:

«Էս դեպքից հետո շինհրապարակ չես կարա դուրս գաս։ Մեկ տարի է՝ չեմ աշխատում։ Դե՝ ցավեր կան, անհարմար է, ավելի շատ պետք է պառկած լինես, որ ոտքդ չայտուցվի», - ասում է նա։

Զավեն Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը Վարչական դատարան է դիմել ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և դրանց հետևանքով տուժած քաղաքացիներին բարոյական վնասի փոխհատուցում տրամադրելու պահանջով: Դատարանը Գրիգորյանին բարոյական վնասի փոխհատուցում տրամադրելու պահանջը վարույթ չի ընդունել:

«Էս ամենը, բնականաբար, չափազանց թանկ է նստելու հայաստանյան արդարադատության համար, և էս ամենը չի բխում մարդու իրավունքների բավարար մակարդակի պաշտպանության կոնցեպտից և այն պարտավորություններից, որոնք Հայաստանի Հանրապետությունն ունի», - ասաց Տիգրան Եգորյանը։

Պահանջը դատական տիրույթից տեղափոխել են գործադիր: Հունվարի երկրորդ կեսին Զավեն Գրիգորյանը կառավարություն է դիմել բարոյական ու նյութական փոխհատուցման պահանջով: Նրա ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը այս դիմումը բավարարելու անհրաժեշտությունը խիստ կարևոր է համարում և ոչ միայն տուժողին աջակցելու տեսանկյունից:

«Էստեղ մեր դիմումի շրջանակներում կառավարությունը հնարավորություն ունի սահմանելու բարձր ստանդարտ մարդու իրավունքների պաշտպանության, մարդու արժանապատվության հարգման առումով, որը կիրառելի կլինի նաև դատական պրակտիկայում», - ընդգծեց Զավեն Գրիգորյանի ներկայացուցիչը։

Տիգրան Եգորյանի խոսքով՝ կառավարությունն այս քայլով Հայաստանում բարոյական փոխհատուցման ինստիտուտի ձևավորման նոր չափանիշ կսահմանի, ինչը խիստ կարևոր է:

«Առաջին՝ սա հսկայական նշանակություն կունենա ոստիկանության ոչ իրավաչափ միջամտությունների կանխարգելման տեսանկյունից, եթե կառավարությունը ընդունում է այդ որոշումը և դրանով իսկ պայմանավորված ընդունում է, ըստ էության, ոստիկանության, որը կառավարությանը կից է, գործողությունների հետևանքով հատուցման որոշակի ստանդարտներ, սա մեծ կանխարգելիչ ազդեցություններ է ունալու և, ըստ էության, հանգեցնելու է հետագայում հատուկ միջոցների կիրառումը բացառելուն։ Այսինքն հետագայում երբեք չկիրառելու համար նախադրյալներ է ստեղծելու», - նշեց Եգորյանը։

Կառավարությունը դեռ չի արձագանքել տուժողի պահանջին: Անկախ կառավարության որոշումից, Զավեն Գրիգորյանը վստահեցնում է՝ ոչ մի օր չի ափսոսել, որ պայքարի կիզակետում է եղել ու ամենածանր վնասվածքն է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG