Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն չի հերքում, որ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում


Հայաստանի երրորդ՝ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում, այս մասին գրում են մի քանի լրատվամիջոցներ՝ հղում անելով Հատուկ քննչական ծառայությունում ունեցած սեփական աղբյուրներին։ ՀՔԾ-ն չի մեկնաբանում տեղեկությունը, միևնույն ժամանակ մինչև այս պահը չի տարածել նաև հերքում։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, վստահ է՝ նախաքննական մարմինը բազմաթիվ հարցեր պետք է ունենա Սերժ Սարգսյանին։ ֊ «Ինչո՞ւ 10 տարվա ընթացքում չի բացահայտվել Մարտի 1֊ը՝ սա մեկ։ Երկրորդը՝ Սերժ Սարգսյանը կարող էր Ռոբերտ Քոչարյանին ասել՝ հրաման արձակի, որ չկրակեն ժողովրդի վրա. դու գնացող ես, ես մնացող եմ։ Եկեք մարդկանց չսպանենք։ Սերժ Սարգսյանը դրանում մեղավոր է», ֊ ասում է նա։

2008-ի մարտի 1-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի գրասենյակից վերջինիս հարցաքննության մասին տեղեկությունը ճշտել չհաջողվեց, բայց ըստ նույն լրատվամիջոցների հրապարակման՝ Սարգսյանը եղել է վկայի կարգավիճակում, հարցաքննությունը տևել է շուրջ 6 ժամ և դեռ պետք է շարունակվի:

2008-2009 թվականներին մարտի 1-ի գործով ստեղծված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը վստահ է՝ Մարտի 1-ին նախորդած բոլոր ծրագրերին ու գործողություններին այն ժամանակվա վարչապետ Սարգսյանը տեղյակ է եղել։

«Բոլոր այն գործողությունները, որ նախապատրաստական փուլ են անցել փետրվարի 19֊ից մինչև մարտի 1֊ը՝ դրանցում անմասն չի մնացել նախկին վարչապետը, իսկ ավելի ճիշտ՝ հաջորդ նախագահը», ֊ «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Սեդա Սաֆարյանը։

Փաստաբանի կարծիքով՝ 3-րդ նախագահը դեր ունի նաև 2008-ին հաջորդած տարիներին քաղաքի կենտրոնում տեղի ունեցած սպանությունների գործերը չբացահայտելու ու հմտորեն կոծկելու մեջ. ֊ «Նա ապահովեց Ռոբերտ Քոչարյանի մարտիմեկյան բացահայտման գործընթացը ծածկելու գործողությունները, ապահովեց, որպեսզի 10 տարի շարունակ մենք չկարողանանք Մարտի 1֊ի մասին բաց և թափանցիկ քննարկումներ անել, չկարողանանք նաև դատական գործընթացները օբյեկտիվ հունի մեջ դնել։ Մեծ տարբերություն, այդ առումով, չկա՝ մի շղթայից այդ ամեն ինչը փոխանցվեց մեկ այլ շղթայի և այս տեսանկյունից, իհարկե, Մարտի 1֊ի բոլոր զարգացումների մասին Սերժ Սարգսյանը ասելիքները պետք է ունենա։ Այդ բոլոր խորհրդակցություններին մասնակցել է նաև նա։ Եթե, ասենք, լուռ համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանի գործողություններին, սա խոսում է այն մասին, որ ինքը կողմնակից է եղել այն բոլորին, ինչ արվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից»։

Անցյալ շաբաթ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դռնփակ նիստում, ելույթ է ունեցել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա պաշտպան Հայկ Ալումյանի, Քոչարյանն ասել է, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ՝ 0038 գաղտնի հրամանը Հայաստանի որևէ նախագահի օրոք չի ուղարկվել նախագահական, որ նախագահը դրան ծանոթանա կամ իր հավանությունը տա։

Սեդա Սաֆարյանն արձագանքում է այս հայտարարությանը. ֊ «Այսօր հասարակությանը մատուցել մի բան, թե 0038 հրամանից ես տեղյակ չեմ... եթե ինքը տեղյակ չէ 0038 հրամանից, ասեմ, որ այդ հրամանում արձանագրված է, որ՝ ի կատարումն ՀՀ գլխավոր հրամանատարի առաջադրանքի... ու դրա տակ ամեն ինչ շարադրվել է ու ընդունում են, որ խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ինչ֊որ հրահանգներ է տվել։ Ընդամենը տրված հրահանգները դարձվել է փաստաթուղթ, անունը դրել են հրաման և իրականացրել են։ Ասեմ, որ երբ Միքայել Հարությունյանը հարցաքննվում էր Փաստահավաք խմբում, անընդհատ ասում էր, որ՝ ես գիտեի, որ սա ըսենցա լինելու ու էսպիսի իրավիճակում եմ հայտնվելու։ Երբ որ հարց ենք ուղղել, ասել ենք՝ Հանրապետության գլխավոր հրամանատարը՝ նախագահը գիտե՞ր էս մասին, ինքն ասել է՝ բա հո առանց իրան չե՞մ արել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG