Մատչելիության հղումներ

Հովհաննես Գալստյան․ Ամենալուրջ խնդիրը կառուցվածքային փոփոխություններն են կինոյի ոլորտում


Փետրվարի 3-ից կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը անժամկետ հացադուլ է հայտարարել Ազգային ժողովի այգում՝ Ազգային կինոկենտրոնի կողմից իր «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը կասեցնելու դեմ:

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ կինոռեժիսորը պնդեց․ - «Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կողմից ձևավորված ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովը՝ Նազենի Ղարիբյանի ղեկավարությամբ, օրենքի խախտում ա թույլ տվել և 2018 թվականին կասեցրել է ֆիլմի ֆինանսավորումը մի կետով, որը անօրինական է համարել հետո նույն Մակունցի հրավիրված միջգերատեսչական հանձնաժողովը»:

Անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին Հովհաննես Գալստյանը Մատենադարանի տարածքում հացադուլ հայտարարեց, որը տևեց տասը օր և ավարտվեց այն ժամանակ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի միջամտությունից հետո:

«Իմ հացադուլի ժամանակ մենք եկանք համաձայնության, որ ինքը կհրավիրի միջգերատեսչական հանձնաժողով, որպեսզի քննարկեն, թե որքանով ա օրինական եղել ֆիլմի ֆինանսավորման կասեցումը: Միջգերատեսչական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարարության փորձագետը համարել է այդ կետը ոչ կիրառելի մեր նախագծի հանդեպ: Ես մի բան եմ պահանջում Մշակույթի նախարարությունից: Լիլիթ Մակունցից ես մի բան եմ պահանջում՝ մեր հանդիպման ձայնագրությունը հրապարակեք: Այնտեղ ինձ տրվել են շատ կոնկրետ երաշխիքներ, որ արտադրությունը կշարունակվի․․․ Եվ կինոկենտրոնին տվեց հանձնարարական՝ նոր պայմանագիր կնքել մեզ հետ: Դա եղել է դեկտեմբերի 13-ին և դա է եղել երաշխիքը, որ ես դադարեցրել եմ հացադուլը», - պատմեց կինոռեժիսորը:

Ֆինանսավորումն այդպես էլ չի շարունակվել՝ չնայած Լիլիթ Մակունցի հանձնարարականներին, և հիմա էլ ահա Հովհաննես Գալստյանը կրկին չի կարող վերսկսել Բուլղարիայի և Գերմանիայի հետ համատեղ արտադրության իր այս ֆիլմի նկարահանման աշխատանքերը:

Նա դատական պրոցես է սկսել Ազգային կինոկենտրոնի դեմ, որի ներկայացուցուչներն այդպես էլ հունվարի 30-ին չեն ներկայացել դատական առաջին նիստին և դատը հետաձգվել է երկու ամսով:

«Բուլղարիան և Գերմանիան կմիանան էդ դատական պրոցեսին», - հավաստիացրեց Գալստյանը՝ շարունակելով․ - «Կինոկենտրոնը ընդունել է հայտը 2015 թվականին, հայտի մեջ նշված է եղել 88 միլիոն դրամ, հաստատել են դա, և մեզ տվել են երաշխավորագիր, որ՝ մենք ֆինանսավորում ենք բյուջի 30 տոկոսի չափով: Դրանից ավելի ի՞նչ պիտի լիներ»:

Հացադուլավոր ռեժիսորն ասաց, որ իրավունք չունեն Ազգային ժողովի այգում վրան տեղադրել․ - «Ոստիկանները, ԱԱԾ-ն խնդրում ա, բավական կիրթ և զուսպ, որ Ազգային ժողովը պետական հսկողության տակ գտնվող օբյեկտ ա, նունիսկ չի կարելի պլակատներ տեղադրել: Բայց ինքը հանրային բաց տարածք ա, ես էստեղ կլինեմ առավոտվա ժամերը, իսկ երեկոյան կտեղափոխվեմ իմ վրան»:

Հովհաննես Գալստյանը հացադուլը կդադարեցնի, երբ բավարարվեն իր երեք պահանջները․ - «Առաջին պահանջը դա «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը վերահաստատելն ա, երկրորդը Ամիրյանի հրահանգով ֆիլմից վերցրած գումարը վերադարձնելն ա, և երրորդը, կինոյում անհապաղ պետական կառավարման կառուցվածքի փոփոխությունը: Ամեն տարի պետական բյուջեով 820 միլիոն դրան տրվում ա կինոյին, և դրանից 150 միլիոնն ա հասնում լիամետրաժ խաղարկային ֆիլմերի նկարահանման հրապարակ: Մնացած ամբողջ մասը խժռում ա պետական կառավարման չինովնիկական մոդելը: «Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, «Հայք կինոստուդիա» ՊՈԱԿ-ը, բազմաթիվ ՀԿ-ներ, որոնք փառատոներ են կազմակերպում, գնում են փառատոների, գալիս են փառատոներից, ի՞նչ ֆիլմեր են տանում․․․ Տասը տարվա մեջ 8 միլիարդից ավել գումար ա ծախսվել հայկական կինոյի վրա, ո՞ւր են էդ ֆիլմերը, ո՞վ ա տեսել էդ ֆիլմերը, միջազգային հանրությանը հասե՞լ են, միջազգային փառատոներում մրցանակներ վերցրե՞լ են, միջազգային մամուլը դրանց մասին գլե՞լ ա, հայ հանդիսատեսը տեսե՞լ ա, հայ հանդիսատեսը գիտի վերջին տասը տարվա մեջ ֆիլմ․․․ Բա եթե չէ, 8 միլարդ ինչի՞ եք տալիս, ո՞ւմ եք տալիս: Եթե միջազգային նախագծերը փակում եք, ինչի՞ն եք էլ գումար տալիս․․․ Ամենալուրջ խնդիրը կառուցվածքային փոփոխություններն են կինոյի ոլորտում: «Տատիկիս վարսերը» ընդամենը լակմուս ա, ռենտգեն ա, որը ցույց ա տալիս, թե ինչ պրոբլեմ կա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG