Մատչելիության հղումներ

Թավշյա հեղափոխության ցուցահանդես՝ Վանաձորում


Վանաձորում ցուցադրվում են անցած տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխության դեմքերի ու դեպքերի մասին պատմող իրեր ու լուսանկարներ։ Հավաքածուն ստեղծվել է ինչպես պրոֆեսիոնալ լուսանկարիչների, այնպես էլ տարբեր անհատների օժանդակությամբ, ասում են նախաձեռնողները։

Լուսանկարներում հիմնականում երիտասարդներ են, անգամ դեռահասներ ու երեխաներ։ Դրանցից մեկում փոքրիկ տղան իր խաղալիք ավտոմեքենաներով ճանապարհ է փակել, մյուսում ոստիկանների հետ հաղթանակ են տոնում, մեկ ուրիշ նկարում երևում է քայլելուց ուժասպառ եղած լրագրողը, ով գետնին կիսապառկած լուրեր է հաղորդում։ Ներկայացված են նաև հեղափոխության օրերին թևավոր խոսք դարձած արտահայտություններ ու անեկդոտներ։ Ցուցահանդեսին եկած վանաձորցիներն ասում էին, որ լուսանկարներով վերապրում են հեղափոխության օրերը։ Շատերը մասնակցել են պայքարին, ոմանք ոստիկանների կողմից բերման ենթարկվել։

Վանաձորցի Գոհար Թադևոսյանը Երևանում հեղափոխական պայքարին մասնակցել է առաջին իսկ օրից։ - «Ինձ համար երևի ամենահուզիչ բանն էր հեղափոխության ժամանակ, որ ամենասկզբի օրերը, երբ մենք ճանապարհ էինք փակում, գալիս էին մեքենաները, կանգնում էին, սկսում էին նույնիսկ հայհոյել, որ՝ բացեք, մեջը հիվանդ կա, որ բացեն: Ու ինչ֊որ պահի արդեն ոստիկաններն էին գալիս մեզ ցրում, ու մենք տեսնում էինք, որ մեքենաները իրենց տեղից չեն շարժվում ու արդեն իրենք են ճանապարհները փակում», - պատմում է նա:

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անահիտ Կարապետյանը վերհիշում է. դասադուլներին ու այլ ակցիաներին միացել է ավելի շուտ, քան իր կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը», հեղափոխությանը միանալու քաղաքական որոշում կկայացներ։ - «Մի գաղտնիք բացեմ՝ առաջին դուրս եկած ուսանողները հենց այդ օրը առաջին ժամին ինձ մոտ դասի էին ինստիտուտում, և երբ ասացինք, որ պետք է արդեն քայլ անել, նաև Վանաձորը պիտի միանա, խնդիրը կայանում էր նրանում, որ ուսանողների համար գուցե որոշակիորեն պետական մակարդակի խնդիրներ առաջանային, դրա համար ես առաջինը գործադուլ կազմակերպեցի, որպեսզի ուսանողները կարողանան առանց խոչընդոտների գնալ և մասնակցել», - հիշում է Անահիտ Կարապետյանը:

Ցուցահանդեսի առաջին այցելուներից մեկը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էր, ով ակցիաներին մասնակցել է ինչպես Վանաձորում, այնպես էլ Երևանում։ Հարցին, թե արդյոք հեղափոխությունը հասել է Լոռու մարզ, պատասխանեց․ - «Ինչ֊որ հնարավոր է՝ հասել է, բայց բաներ կան, որ դեռ պետք է արվեն: Երևի մեկ-երկու տարի է պետք, որ ամենակարևորը՝ մարդկանց մտածելակերպի փոփոխություն բերի այդ հեղափոխությունը, այդ ժամանակ կասենք, որ հեղափոխությունը հասել է Վանաձոր»:

Ցուցահանդեսը 10 օր կցուցադրվի Վանաձորում։ Հեղափոխության մասունքները՝ որոնք արտահայտում են մասնակիցների համախմբվածությունն ու ոգևորությունը, ցուցադրվել են Հայաստանի ևս 7 մարզերում։ «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնող կազմակերպության ծրագրերի համակարգող Անուշիկ Ռշտունին ասում է՝ մարդկանց մոտ ոգևորություն է տեսել բոլոր մարզերում։

«Մարդիկ գալիս էին, մարդիկ ոգևորված էին, մարդիկ ունեն շատ մեծ ակնկալիքներ և ես հուսամ՝ մեր իշխանությունները կարդարացնեն դրանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անուշիկ Ռշտունին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG