Մատչելիության հղումներ

«Զիբիլիքս»-ի գործով 11 մեղադրյալների նկատմամբ տուգանքներ սահմանվեցին


Մեղադրող դատախազը միջնորդել էր 3-ական տարվա ազատազրկման դատապարտել Հրայր Անտոնյանին և Ստեփան Սահակյանին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց «Զիբիլիքս»-ի գործով դատավճիռը։

11 մեղադրյալներից Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտասի 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի պետ, հանրապետական Հրայր Անտոնյանի, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանի նկատմամբ դատարանը սահմանեց տուգանք՝ 2 միլիոն 500-հազարական դրամի չափով։ Մինչդեռ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդել էր 3-ական տարվա ազատազրկման դատապարտել Հրայր Անտոնյանին և Ստեփան Սահակյանին:

Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ արարքի հանրահային վտանգավորությունը համահունչ չէ կիրառված տուգանքներին․ - «Գործ ունենք հանցավոր խմբի հետ: Սա ոչ միայն անձինք էին, ովքեր փորձում էին ընտրակաշառք բաժանելով ժողովրդից գողանալ իշխանությունը, և դա իրենց մոտ մեծ հաշվով հաջողվեց: Այսինքն ինչ-որ տեղ գործ ունենք սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողությունների հետ: Բայց սա անձինք էին, որոնք գործում էին հանցավոր խմբի կազմում․ սա հանցավոր խումբ էր, որի նպատակն էր ժողովրդից գողանալ Երևանի իշխանությունը: Եվ այսպիսի արարքի համար, այսպիսի գործողություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու համար 2,5 միլիոն դրամ տուգանքը, առավել ևս այնպիսի անձանց նկատմամբ, ում սոցիալական վիճակը ակնհայտորեն բավականին ապահովված է, և ում համար 2,5 միլիոն դրամը մեղմ ասած էական գումար չէ, սա, իմ կարծիքով, բավականին խնդրահարույց է, և ես հույս ունեմ, որ դատախազությունը կբողոքարկի այս վճիռը»:

2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով հանրապետական Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում էին, որ այն ժամանակ իշխող Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ:

Հրայր Անտոնյանին ու Ստեփան Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում, նախնական համաձայնությամբ, իրենց համախոհների օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշառք` Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար:

Դանիել Իոաննիսյան․ - «Հաշվի առնելով նաև հանրային ուշադրությունը, որը կար այս գործի շուրջ, հաշվի առնելով դրա նախադեպը հետագա հնարավոր ընտրակեղծիքների համար Հայաստանում՝ շատ կարևոր էր այս գործի ընթացքը և բացահայտումը»:

Քրեական գործը դեռ 2017 թվականի հուլիսին կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: «Ելք»-ը բողոքարկել էր Հատուկ քննչական ծառայության որոշումը, և 2018-ի հունիսի սկզբին գործը վերաբացվել էր։

Գործով անցնող բոլոր ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները։ 2017-ին գործի կարճումը, ըստ Իոաննիսյանի, քաղաքական որոշում էր. - «Այստեղ, իմ կարծիքով, պետք է առանձին քննության առարկա դառնա այն, թե ինչու գործը փակվեց։ Այդ ի՞նչ նոր հանգամանք երևան եկավ, որը բացվեց։ Եթե այդ նոր հանգամանքը միմիայն գործը չտանելու քաղաքական հրահանգի վերացումն էր, ապա պետք է բացահայտել և պարզել, թե ով էր այդ քաղաքական հրահանգը տվել և ով էր այդ հրահանգին ենթարկվել և ինչու էր այն ժամանակ գործը կարճվել»։

Ազգային ժողովի պատգամավոր Արփի Դավոյանը, ով դեպքի ականատեսն է, ասում է, որ նախկինում փորձել են հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի մեղավորները պատժվեն, սակայն գործի վերաբացումից հետո միայն արդարության ակնկալիք ունեին․ - «Հետագայի համար սա պետք է ազդակ լինի, որ ընտրակաշառքը քրեորեն պատժելի արարք է, և ոչ մեկ իրավունք չունի գնելու որևէ մեկի ձայնը։ Շատ կարևոր հարց լուծեց այս դատավարությունը, որ մարդիկ հասկանան, որ սա այլևս պատժիճ արարք է։ Նախկին իշխանությունների ժամանակ մարդիկ զբաղվում էին ձայնավաճառությամբ, դա նորմալ էր, մարդիկ կոնկրետ գումար են աշխատում: Հիմա նման բան չի կարող լինել»:

Արդյո՞ք դատախազությունը դատարանի վճիռը կբողոքարկի, թե՞ ոչ․ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց, որ որոշումը կկայացվի դատական ակտը ստանալուց և հիմքերին ծանոթանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG