Մատչելիության հղումներ

Արդվու անտառներն ու արոտավայրերը տարեկան մինչև 100 միլիոն դրամի օգուտ կարող են տալ


Հայաստան - Անտառ Լոռու մարզում, արխիվ
Հայաստան - Անտառ Լոռու մարզում, արխիվ

Լոռու մարզի Արդվի գյուղում մասնագետներն ուսումնասիրել, հաշվարկել և թվերի տեսքով ներկայացրել են անտառի տված օգուտներն ու եզրակացրել, որ անտառից եկամուտ ստանալու հնարավորությունները 3,5 անգամ մեծ են, քան գյուղացին այսօր օգտագործում է։ Հաշվել են, որ բնակչությունը Արդվու անտառներից տարեկան ստանում է ընդամենը 800 հազար դրամի սնունդ, որն, ըստ մասնագետների, անտառի ընձեռած հնարավորության միայն 30 տոկոսն է։

Ըստ հաշվարկների, Արդվու անտառներն ու արոտավայրերը տարեկան մինչև 100 միլիոն դրամի օգուտ կարող են տալ նաև անասնակերի, փայտանյութի և մաքուր օդի տեսքով։

Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնը ձեռքի տակ եղած բոլոր թվերը տրամադրել է խոշորացված Օձուն համայնքին ու առաջարկել դրանք ներառել իրենց զարգացման ծրագրերում և հաշվի առնել այլ, մասնավորապես՝ անտառը վնասող ծրագրեր իրագործելիս։

«Պատկերացնենք՝ ինչ-որ մի ձեռներեց գալիս է և ուզում է հանքարդյունաբերությունը զարգացնել, ասում է՝ ես կբացեմ, օրինակ, 50 աշխատատեղ 20 տարով, աշխատավարձը միջին 100 հազար դրամ և այլն, միայն անտառի մատուցած սննդի ապահովող ծառայություններով էդ գումարները արդեն բաժանանենք տնային տնտեսությունների վրա, մենք կտեսնենք, որ նրանք արդեն ունեն էդ գումարը ու մի բան էլ ավելի», - ասաց կենտրոնի ղեկավար Մարի Չաքրյանը։

Արդվու վայրի թեյերով, դեղաբույսերով, ուտելի բույսերով, անասնակերով ու փայտանյութով հարուստ անտառում կուտակված ածխածնի քանակը գրեթե 4 անգամ գերազանցում է Հայաստանի անտառների ընդհանուր ցուցանիշը։ Դա կարևոր ցուցիչ է կլիմայի փոփոխությունը մեղմելու համար։ Դրա արժեքը տնտեսական հաշվարկներով կազմում է տարեկան շուրջ 5 հազար դոլար։

«Աշխարհում բնապահպանական հիմնադրամները հիմնականում ֆինանսավորում են էն երկրներին, որոնց անտառային տարածքները լավ վիճակում են գտնվում և ունեն մեծ պոտենցիալ ածխաթթու գազ կլանելու, և հնարավոր է ներգրավել այդ հիմնադրամներից գումարներ անտառների պահպանության և տարբեր բնապահպանական ծրագրերի իրականացման համար», - նշեց աշխարհագրագետ Գորիկ Ավետիսյանը։

Երկուսուկես տարի առաջ հանքարդյունաբերության ծրագիր էր հասել Արդվի։ Դրա հեղինակները խոստանում էին աշխատատեղեր և բարեկեցիկ կյանք։ Գյուղացիները, մինչդեռ, չհավատացին, մերժեցին իրենց արոտավայրերի հաշվին հանք շահագործելու ծրագիրն ու անարժեք համարեցին բոլոր խոստումները։

Բայց այսօր էլ Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը, բնության օգուտները գնահատելով հանդերձ, շեշտում է՝ չի կարելի անտեսել հանքարդյունաբերության նշանակությունը։ Զբոսաշրջությամբ զբաղվելն այսօր մոդայիկ է դարձել, բայց գյուղում մեկ օրից ավել զբոսաշրջիկ չես պահի, ասում է համայնքի ղեկավարը։

«Առաջարկ ունենք տվյալ համայնքին՝ ինչով զբաղվել, կամ համայնքը ասում է՝ ի՞նչ անենք, ասում են՝ գիտե՞ք ինչ կա, տուրիզմով զբաղվեք կամ վայրի թեյերի հավաքմամբ։ Դա էլ սեզոնային աշխատանք է, և դա հիմնական աշխատանք չի համայնքի համար։ Հիմա եթե մենք չտարանջատենք՝ որ համայնքներում պետք է իրականում տուրիզմը զարգանա, և որ համայնքներում զարգանա հանքարդյունաբերությունը, մենք որևէ բանի չենք հասնի», - ասաց Օձուն համայնքի ղեկավարը։

Մասնագետները, սակայն առաջարկում են համադրել բնության և հանքարդյունաբերության օգուտներն ու գնահատել՝ որն է ավելի արդյունավետ գյուղի բնակչի համար։

Բնապահպան Մարի Չաքրյանն ընդգծեց. «Մենք հիմա չենք ասում դուք հանք բացեք կամ մի բացեք կամ ինչ-որ բան, մենք ասում ենք էս անտառի արժեքը էսքան արժի, որը համադրելի կլինի ցանկացած այլ նախագծի հետ, երբ որ արդեն նախագիծ քննակվելիս կլինի և կհաշվարկվի, թե էս գյուղը ինչքան օգուտ պետք է ստանա այս հանքարդյունաբերությունից»։

Օձունի բնակիչ, համայնքի ղեկավարի տեղակալ Արմինե Միքայելյանը շեշտում է, որ Արդվու անտառներից հավաքված ուրցի նմուշները հետազոտվել են անգամ Ֆրանսիայում և բուժական նշանակությամբ աշխարհում ամենաարժեքավոր դեղաբույսը համարվել։ Ասում է՝ ինքն էլ անձամբ Արդվու անտառներից հաճախ ուրց է հավաքում, բայց, ըստ նրա, գյուղացու այդ բավականին դժվար աշխատանքը չափազանց ցածր է վարձատրվում։

«Դա է պատճառը, որ այսօր անտառի բարիքներից օգտվում են սիրողական մակարդակով», - ասաց Արմինե Միքայելյանը և ավելացրեց, որ գյուղացուն անտառից հեռու է պահում նաև վերամշակող գործարանների և իրացման այլ շուկաների բացակայությունը։

«Մեկ բնակիչը առավելագույնը երկու կիլոգրամ մաքուր ուրց կարող է ստանալ մեկ օրվա մեջ, այսինքն՝ 2,5-3 հազար դրամ։ Աշխատուժը, իհարկե, գյուղերում ավելի էժան է, քան քաղաքներում, բայց կոնկրետ վայրի հավաքը շատ ավելի էժան է, որպեսզի գյուղացին շահագրգռված լինի դրանով զբաղվելու, եթե նաև հաշվի առնենք, որ նա ինքնուրույն իրացնելու կամ վերամշակելու հնարավորություն չունի», - նշեց Արմինե Միքայելյանը։

Նշենք, որ Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնը Արդվու անտառներում ուսումնասիրություններ կատարելիս հայտնաբերել է մեծ քանակի քամատապալ սոճիներ, որոնք որպես շինափայտ կարող են օգտագործվել գյուղի կարիքների համար, կիրառվել տուրիստական ենթակառույցներ, մասնավորապես՝ նստարաններ, տաղավարներ, հանգստի գոտիներ և այլ կառույցներ ստեղծելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG