Մատչելիության հղումներ

Հայկ Ալումյան․ Քոչարյանի ելույթից հետո դատավորի մոտ հարցեր են առաջացել


Արդեն երրորդ օրը Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ժամ տևողությամբ իր ելույթի ժամանակ խոսել է Մարտի 1-ի և նախորդող օրերի իրադարձությունների մասին:

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը. նրանք վիճարկում են Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշումը։

Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, Քոչարյանը մանրամասն ներկայացրել է իրավիճակը, որ ստեղծվել է փետրվարի 23-ի դրությամբ․ - «Շատ տեղեկատվություն էին ստանում, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակայինները միանան ցուցարարներին, որ պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը նաև ԵԿՄ ղեկավարը, ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որպեսզի երկրապահ կամավորականներն էլ միանան ցուցարարներին, և էդ ստեղծած իրավիճակի պայմաններում ինքը ցուցում է տվել Պաշտպանության նախարարին, որպեսի նախարարն ապահովի բանակի չեզոքությունը: Հավաքել է և ցուցում է տվել, ասել է՝ գնացեք, ապահովեք, որ բանակը էս պրոցեսներին հանկարծ չխառնվի»:

Փաստաբանը փոխանցեց, որ իր խոսքում Քոչարյանն անդրադարձել է նաև 0038 գաղտնի հրամանին․ - «Պարոն Քոչարյանը հստակ ասել է, որ 0038 հրամանին ծանոթանալուց հետո ինքն տեսել է, որ այդ հրամանի մեջ որևէ բան չկա, որը պետք է էդպես չլիներ, այլ լիներ ուրիշ ձևով: Սակայն ինքը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես ցանկացած հրաման Պաշտպանության նախարարի, այնպես էլ 0038 հրամանը ո՛չ իր ժամանակ, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ո՛չ Սերժ Սարգսյանի ժամանակ երբևիցե նման հրամանները չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահը դրան ծանոթան, կամ իր հավանությունը տա, կամ իր մոտ ունենա ու պահի»:

Հացին, թե արդյոք իր ասածը ենթադրում է, որ ամբողջ պատասխանտվությունը մնում է այն ժամանկվա Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի վրա, Քոչարյանի փաստաբանը պատասխանեց, որ 0038 հրամանը «իր մեջ չի պարունակում որևէ մի դրույթ, որի համար կարելի է պրն Հարությունանին ոչ միայն մեղադրանք առաջադրել, այլ անգամ նախատել»․ - «Չկա էդպիսի դրույթ: 0038 հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա»:

Դատական նիստը կշարունակվի փետրվարի 4-ին: Հայկ Ալումյանը նշեց, որ Քոչարյանի ելույթից հետո գործը քննող դատավորի մոտ հարցեր են առաջացել: Ելույթով դեռ պետք է հանդես գան նաև դատախազության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG