Մատչելիության հղումներ

Մուշեղ Սաղաթելյանի գործը կարող է ուղարկվել նոր դատաքննության


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ բեկանելու և նոր դատաքննության ուղարկելու 2008-ի մարտյան իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի քրեական գործը:

Մի քանի օր առաջ էլ դատախազությունը միջնորդել էր Վճռաբեկին ճանաչել նաև 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Բարեղամյանի անմեղությունը։

Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ Վճռաբեկ դիմելու առիթը անցած տարվա սեպտեմբերին Սաղաթելյանի գործով Եվրոպական դատարանի կայացրած որոշումն էր․ - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանի քրեական գործով ներկայացված գանգատի քննության արդյունքում կայացրել է վճիռ, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված իրավունքների խախտում: ՄԻԵԴ որոշումը ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին: Ելնելով վերոնշյալից, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք»:

Եվրոպական դատարանը, ըստ Գլխավոր դատախազության, «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների՝ մասնավորապես, խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության իրավունքների խախտումներ։

Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին: Նույն տարվա հոկտեմբերին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու համար: Դատավարության ողջ ընթացքում Սաղաթելյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքները: Ազատ է արձակվել վաղաժամկետ՝ 2010-ի նոյեմբերին:

Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևակ Սաղաթելյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ հոր առողջական վիճակը վատ է, անցած տարվա մայիսից նա անգիտակից վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Սաղաթելյանները դատախազության նախաձեռնած գործընթացից միմիայն արդարացում են ակնկալում․ - «Վերջապես հատուցման պահը մոտենում է, վերջապես պիտի ականատես լինեն, թե արդարադատությունը ոնց ա կայանում»:

Սևակ Սաղաթելյանի խոսքով, պատրաստվում են պատասխանատվության կանչել նաև բոլոր նրանց՝ քննիչ, դատախազ դատավոր, ովքեր հոր գործով ապօրինությունների են գնացել։

Ասաց, որ երբ գործը բեկանվի, ընդհանուր իրավասության դատարանում նոր քննություն սկսվի, հենց այդ հարցերն են բարձրացնելու․ - «Պարտադիր պետք է բոլորը պատասխանատվության կանչվեն, ովքեր մասնակցություն են ունեցել այդ ապօրինի գործ սարքելուն, որով տասնյակ մարդկանց ճակատագրեր խեղվեցին: Միգուցե նաև դրա հետևանք է, որ այսօր առողջությունը կորսվել է»:

Հայ ազգային կոնգրեսի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով, Կոնգրեսը պատրաստում է աջակցել մյուս քաղբանտարկյալների գործերը վերանայելուն ևս: Եվրոպական դատարանը, նրա կարծիքով, ոչ միայն Մուշեղ Սաղաթելյանի հավաքների ազատության իրավունքի խախտում է արձանագրել, այլև՝ շատ այլ ընդդիմադիրների։

Հիմա նախապատրաստում են մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի հանրահավաքը ցրելուց հետո ձերբակալված ու դատապարտված անձանց բողոքները․ - «Առաջին գործը արդեն պատրաստ է, և օրերս մենք կուղարկենք Վճռաբեկ դատարանին, որպեսզի նոր հանգամանքով վերաբացման վարույթ սկսի արդարացման հիմքով: Նաև կսկսենք շարունակական գործընթաց մեր մյուս քաղբանտարկյալների գործերով: Մոտավորապես 40-ի չափ անձինք կան, ովքեր հստակ Ազատության հրապարակի դեպքերով են դատապարտվել: Օրենքով նախատեսված է, որ այդ անձը պետք է դիմի, բայց մենք ամեն ինչով կաջակցենք: Կարծում եմ, որ ընթացքում արդեն կլինեն նաև այլ գործերով նոր հանգամանքներ, որովհետև անցած տարվա մարտի 1-ի դրությամբ Եվրոպական դատարանում 17 գործ հերթի էր կանգնած, որոնցից մենք վճիռներ ունենք երեքով»:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Մուշեղ Սաղաթելյանի գործով գլխավոր դատախազի դիմումը Վճռաբեկը ստացել է հունվարի 25-ին, մեկ ամսում կորոշի՝ վերադարձնել կամ քննության առնելու հարցը: Իսկ որոշում կայացնելու համար եռամսյա ժամկետ է սահմանված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG