Մատչելիության հղումներ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի 500 աշխատակիցների գործազրկություն է սպառնում


Արխիվ ֊֊ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մխոցը, 9֊ը հունիսի, 2015թ.
Արխիվ ֊֊ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մխոցը, 9֊ը հունիսի, 2015թ.

Ալավերդի համայնքի ավագանին այսօր ուղերձ է հղել Հայաստանի նախագահին և վարչապետին ու խնդրել մինչև մարտի 1֊ը վերջնական լուծում գտնել գործազրկության սպառնալիքի առաջ կանգնած Ալավերդու համար։

Ալավերդու պղնձաձուլական գործարանի 500 անգործ մնացած աշխատակիցների և Ալավերդու բնակչության անունից գրել են, որ դեռևս անորոշ վիճակում են և սպասում են, թե ինչպես են «քաղաքի ապագայի մասին իրենց փոխարեն որոշում կայացնելու ՎՏԲ բանկում գրավադրված գործարանի սեփականատերը, ՎՏԲ բանկն ու կառավարությունը»։

Գործարանի ղեկավարությունը 500 աշխատողներին արդեն երեք ամիս վճարում է աշխատավարձի երկու երրորդի չափով։ Դա կտևի մինչև մարտի 1֊ը։ Դրանից հետո հնարավոր է, որ գործարանը վերջնականապես աշխատանքից ազատի աշխատողների հիմնական մասին։ Ավագանու անդամները երկրի ղեկավարներին խնդրել են կարճ ժամկետում հասնել հարցի լուծման, միաժամանակ շեշտելով, որ կարևոր են համարում «բնապահպանական լուծումներով հանքավերամշակող ձեռնարկությունների ստեղծումն ու մետաղական վերջնական արտադրանքով համաշխարհային շուկա մտնելու ծրագրերը»։
Այսօր գործազրկության և սոցիալական դժվարությունների առաջ կանգնած ալավերդցիները մտավախություն ունեն, բայց շեշտում են նաև՝ վերջին ամիսներին Ալավերդիում ու հարակից բնակավայրերում օդը մաքուր է։

«Ուզում ենք, որ անպայման աշխատի, որովհետև մեր քաղաքը շատ մեղքա, որովհետև ոչ մի ուրիշ աշխատատեղ էլ չկա... երևի միակ տեղը, որ պահում էր էս քաղաքը», ֊ «Ազատության» հետ զրույցում ասում էր քաղաքի բնակիչներից մեկը։

Ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած գործարանն անցած տարվա հոկտեմբերին դադարեցրեց աշխատանքը։ Վտանգ կա, որ ցանկացած պահի պղնձաձուլարանը կարող է անցնել ՎՏԲ բանկին «Վալլեքս» ընկերության չկատարած բանկային պարտավորությունների դիմաց։ Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանն ասում է՝ Ալավերդու գործարանի կանգնելուց տուժել են ոչ միայն գործարանի աշխատողները, այլև համայնքում ծառայություններ մատուցողները. ֊ «Իհարկե, եթե մեր տնտեսությունը կապվածություն ունի որևէ արտադրական հսկայից, բնականաբար նրա փակվելը չի կարող անդրադարձ չունենալ։ Խնդիրը չի կարող վերաբերել միայն 500 կամ 600 աշխատատեղին, չէ՞ որ նրանք նաև այլ ծառայություններից են օգտվում»։

Մինչդեռ Ալավերդիում սննդի երկու խանութ ունեցող գործարար Հարութ Ձավարյանը, ով նաև Ալավերդի համայնքի ավագանու անդամ է, իր խանութների օրինակով համայնքի ղեկավարին հակադարձում է. գործարանի կանգառն աշխատակիցների վրա իսկապես լուրջ ազդեցություն է ունեցել, բայց իր հաշվարկներով քաղաքի ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա առանձնապես չի ազդել, քանի որ տասնամյակներ շարունակ, գործարանի աշխատելուն զուգահեռ քաղաքը որևէ այլ ուղղությամբ չի զարգացել։

«Մոտ 600,000 դոլար ամսական աշխատավարձի տեսքով մտել է Ալավերդի 2008 թվականից այս կողմ։ Եթե այդ գումարները Ալավերդիում ծախսվեր, Հանրապետության ամենաշքեղ, ամենաապահովված քաղաքներից մեկը պիտի լիներ Ալավերդին։ Ցավոք սրտի, մեր գործարանի և Թեղուտի աշխատակիցների մեծամասնությունը էդ գումարները ծախսում էին ուրիշ տեղեր. շոր էին ուզում՝ Վանաձոր, Երևան, Վրաստան... էդ գումարները չմնացին քաղաքում, դրա համար էսօր սոցիալական ծանր վիճակ ա ստեղ» ֊ ասում է Ձավարյանը։

Ավագանու անդամը, գիտակցելով, որ իր հայտարարությունը Ալավերդիում ոմանք սվիններով են ընդունելու, նշում է նաև, որ պղնձաձուլարանի՝ նախկին արտանետումների ծավալով աշխատելուն դեմ է, ինչպես շատ ալավերդցիներ։ Մինչև կանգնելը գործարանը մթնոլորտ էր արտանետում տարեկան մինչև 38 հազար տոննա ծծմբի անհիդրիդ, դա թույլատրելի սահմանաչափը գերազանցում էր մոտ յոթ անգամ. ֊ «Չեմ էլ կարծում, որ էս գործարանը երկար տարիներ կյանք ա ունենալու։ Եթե անգամ շահագործվի, միանշանակ ազգաբնակչությունը դեմա լինելու էս նույն ձևով աշխատելուն։ Ոչ միայն ազգաբնակչությունը... էսօր գործարանի աշխատակիցներից շատերն էլ ասում են՝ ախպեր, եթե այ սենց ծուխա լինելու, միանշանակ չենք ուզում աշխատի»։

Նշենք, որ կառավարության անդամներն ու գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունը հայտարարել են, որ չինական ներդրումներով Ալավերդիում կառուցելու են ժամանակակից, առանց արտանետումների գործարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG