Մատչելիության հղումներ

Մհեր Ենոքյանի կինը ստացել է ներման խնդրագրի պատասխանը


23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքը տպավորություն ունի, որ սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը մերժվել է:

Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը այսօր նախարարությունից ստացել է ամուսնու ներման խնդրագրի պատասխանը:

Մեջլումյանը հրաժարվել է հրապարակել պատասխանի բովանդակությունը և հեռացել է:

Այսօր ավելի վաղ նա մի քանի ժամ շարունակ նախարարության աշխատակիցներից պահանջում էր իրեն տրամադրել ներման խնդրագրի պատասխանը: Ի վերջո, փոխնախարարի առաջարկով համապատասխան դիմում և Մհեր Ենոքյանի տված լիազորագիրը ներկայացնելուց հետո, պատասխանը տրամադրվել է Մեջլումյանին:

Երեկ Հանրապետության նախագահը ստացել էր մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել էր համապատասխան հրամանագիրը:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը «Ազատության» հետ զրույցում խուսափեց հրապարակել, թե քանի դատապարտյալի է ներում շնորհվել: Նա նաև փոխանցեց, որ այսօրվանից կսկսեն ներման խնդրագրերի պատասխանների վերաբերյալ ծանուցումներ ուղարկել քրեակատարողական հիմնարկներ:

«Կարծում եմ, այսօր-վաղը բոլոր քրեակատարողական հիմնարկները կծանուցվեն, այդ փաստաթղթերը ներման խնդրագրերով կհանձնեն դիմած անձանց: Ես թիվը չեմ հաշվել, բայց մենք ունենք նախագահի երկու հրամանագիր, և այդ երկու հրամանագրերով բոլոր մատնանշված անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դրական կամ բացասական եզրակացություն, մենք այսօր ևեթ կուղարկենք», - նշեց Քրմոյանը:

Հարցին, թե արդյոք հրապարակվելու են ներման խնդրագրեր ներկայացրած դատապարտյալների անունները, փոխնախարարը արձագանքեց․ - «Մենք հրապարակելու պարտականություն չունենք: Տեղեկատվության ազատության օրենքով, եթե դիմում կլինի, մենք կուսումնասիրենք և համապատասխան ընթացք կտանք»:

Ի դեպ, ցմահ ազատազրակման դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ պայքարող Աղաջանովների ընտանիքը նույնպես տեղեկություն չունի Ենքոյանի ներման հարցով: Սակայն մոտ 23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, «Ազատությանը» փոխանցեց, որ համացանցից տպավորություն են ստացել, թե Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը մերժվել է:

«Մենք պաշտոնական ոչ մի տեղեկություն չունենք, բայց ցանցերից տպավորություն կա, որ մերժվել ա ներման խնդրանքը: Ասեմ՝ ուրախ ենք, մի քիչ դժվար ա ասել: Բայց ուրախ ենք և ողջունում ենք այդ ճիշտ որոշումը նախագահի և վարչապետի, և գտնում ենք, որ այդ որոշումը բխում է ոչ միայն մեր ընտանիքի շահերից, այլև ամբողջ ազգի, բոլոր երևանցիների անվտանգության շահերից: Դա ողջամիտ որոշում էր, ճիշտ որոշում էր: Դաժան մարդասպանը, կանխամտածված դաժան սպանություն կատարած մարդը պետք է բանտում մնա»:

Նշենք, որ Մհեր Ենոքյանը 23 տարի առաջ տեղի ունեցած Իոսիֆ Աղաջանովի սպանության գորոծով 1996 թականին դատապարտվել էր մահապատժի, որը, սակայն, նախագահի որոշմամբ 2003-֊ին փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG