Միացյալ Նահանգները մտադիր է խորացնել Հայաստանի հետ կապերը պաշտպանության և անվտանգության ոլորտում, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը հունվարի 29-ին տեղի ունեցած ընդունելության ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Լորա Քեյ Քուփերը։
Քուփերը մանրամասնել է, որ մոտ ապագայում այցելելու է Երևան ու փորձելու է հասկանալ, թե ինչպես կարելի է այդ անել:
Ընդունելությունը նվիրված էր Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին:
«ԱՄՆ Պաշտպանության նախարարության անունից ցանկանում եմ հայտնել մեր երախտագիտությունը՝ այն ներդրման համար, որ Հայաստանի Զինված ուժերն ունեցել են աշխարհում միջազգային գործողութունների և խաղաղապահ առաքելությունների շրջանակում: Հայաստանի պատրաստակամությունը` աջակցել Աֆղանստանում իրականացվող առաքելությանը, կարևոր է մեր ընդհանուր ջանքերի տեսանկյունից, որոնց նպատակն է խաղաղություն և անվտանգություն ապահովել Աֆղանստանի ժողովրդի համար», - ասել է Քուփերը՝ հավելելով. - «Ի հավելումն, 40 զինծառայողով Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում իրականացվող ՆԱՏՕ-ի առաքելությանը Հայաստանը դասում է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առաջին հինգ երկրների շարքում, որոնք մասնակցում են այս կարևոր առաքելությանը, և սա էական է Արևմտյան Բալկաններում անվտանգությունը և կայությունը պահպանելու գործում»:
Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչն այնուհետև անդրադարձելէ ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հետ Հայաստանի Զինված ուժերի համագործակցությանը:
«Նաև շատ հպարտ եմ, որ կարող եմ նշել ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հետ Հայաստանի Զինված ուժերի 15-ամյա համագործակցության մասին: Այս ամուր համագործակցությունը պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հիմքն է, որը ընդլայնել է Հայաստանի կարողությունները ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով՝ նպաստելով պաշտպանական ոլորտում հետագա բարեփոխումներին, ինչպես նաև ճգնաժամային կառավարման բարելավմանը», - նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալը:
Լորա Քեյ Քուփերը իր խոոսքում ընդգծել է. ֊ «Պաշտպանության նախարարի տեղակալ Քեյթի Ուիլբարգերը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն անցած տարվա հունիսին ԱՄՆ Կոնգրեսում՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսականների հետ մասնակցեցին հայ-ամերիկյան հարաբերությունների 100 ամյակին նվիրված միջոցառմանը: Սա ի ցույց է դնում Հայաստանի պատրաստակամությունը Միացյալ Նահանգների հետ ունենալու նշանակալի և արդյունավետ հարաբերություններ: Ակնկալում եմ, որ մոտ ապագայում այցելելու եմ Երևան և Հայաստանի իշխանություններից տեղեկություն եմ քաղելու, թե ինչպես կարող ենք խորացնել մեր երկու երկրների կապերը պաշտպանության և անվտանգության ոլորտներում»։
Անցած տարվա հոկտեմբերին Երևանում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, և «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց․ «Ինչպես ասացի [Հայաստանի] վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից»:
Երկու օր անց՝ հոկտմեբերի 27-ին, Բոլթոնի խոսքերին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Կառավարությունը որևէ բանով սահմանափակված չի, եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք»։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ամերիկյան կողմը աջակցեց Հայաստանին՝ սահմանի համար դիտարկման սարքերի ձեռքբերման գործում:
«Քանի որ Հայաստանում կա նոր իշխանություն այժմ, որը հռչակել է Հայաստանի արտաքին պաշտպանական անվտանգային և այլ քաղաքականությունները ինքնիշխանության և ազգային շահերի հենքի վրա կառուցելու մասին, բնականաբար Միացյալ Նահանգները փորձում է առաջինը նախաձեռնել այդ ազդանշանների առաքումը դեպի Երևան՝ հասկացնելով, որ ինքը պատրաստ է պաշտպանական և անվտանգային ոլորտներում Հայաստանի քաղաքականությունների դիվերսիֆիկացման աջակցության առումով», - ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Ըստ վերլուծաբանի, պաշտպանական ու անվտանգության ոլորտներում հարաբերությունները խորացնելու առաջարկ անելով Հայաստանին՝ ԱՄՆ-ն ձգտում է վերկանագնել հավասարակշռությունը ղարաբաղյան խնդրում, որը տուժել է Ադրբեջանին ռուսական սպառազինության մեծածավալ վաճառքի հետևանքով: