Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 29-ի որոշմամբ, Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի հունվարի 11-ին հրամանագրով՝ Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2014 թվականի օգոստոսից։
Ադոնցը մասնագիտությամբ տնտեսագետ-կիբեռնետիկ է, անցել է նաև դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում: 1994-1996 թվականներին աշխատել է Բելգիայում Հայաստանի դեսպանությունում` որպես երկրորդ քարտուղար:
2007 թվականին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, գլխավորել է Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը: