«Մենք այնքան ժամանակ չենք պատասխանի հարցին՝ փոխզիջումների պատրա՞ստ ենք, թե՞՝ ոչ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին», - երեկ Քյլոնում՝ պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որտեղի՞ց այդ տպավորությունը, թե մենք խոսում ենք փոխզիջումների մասին։ Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ հետևյալը՝ ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞՝ ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞՝ ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել», - ասել է վարչապետ։
«Ինչ վերաբերում է ճնշումներին՝ կես կատակ կես լուրջ մի բան պատմեմ՝ երբ սոցիալական ցանցերում, մամուլում ժամանակ առ ժամանակ փոթորիկներ են բարձրանում այն մասին, որ մեր նկատմամբ ճնշումներ են և մենք արդեն չգիտենք՝ ո՞ւր ենք հասել և ի՞նչ վիճակում, ես մի օր հրավիրել եմ արտաքին գործերի նախարարին՝ պարոն Մնացականյանին, և հարցրել եմ, ասել եմ՝ «կարո՞ղ է մեզ վրա ճնշում են գործադրում ես գլխի չեմ», որովհետև Հայաստանի Հանրապետությունում այնպիսի տպավորություն է, որ ամենաչտեղեկացված մարդիկ Արցախի խնդրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ես եմ, մեկ էլ պարոն արտաքին գործերի նախարարը, մնացածը տեղեկացված են՝ առավել ևս որոշ լրատվամիջոցներ, առավել ևս նախկին իշխանության ներկայացուցիչներին պաշտպանող լրատվամիջոցները», - եզրափակեց Փաշինյանը։