Այսօր առավոտյան Հայաստանի ղեկավարն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան, որտեղ համագործակցության հուշագիր ստորագրվեց Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հետ։ Վարչապետը հանդես եկավ ելույթով, պատասխանեց բուհի ուսանողների, դասախոսների հարցերին։ Փաշինյանը շեշտեց, որ իշխանական փոփխությունից հետո կան բոլոր հնարավորությունները՝ զարկ տալու տեղեկատվական տեխնոլոգիաներին Հայաստանում։
«Տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս ունենալ կապի այնպիսի միջոցներ, որոնք չեն կարող վերահսկվել: Այս մեխանիզմը մարդկանց հնարավորություն է տալիս բարձրաձայնել իրենց տեսակետը և ունենալ հաշվետու կառավարություն, ժողովրդավարությունը դարձնել ավելի գործնական և մատչելի», - ընդգծեց վարչապետը՝ շարունակելով․ - «Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում. ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր: Սոցիալական ցանցերի միջոցով հայ ժողովուրդը համախմբվեց՝ ոչ ասելու նախկին վերնախավին, որը չէր վայելում ժողովրդի վստահությունը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց Թավշյա հեղափոխության առաջին փուլը: Այժմ մենք ունենք ոչ պակաս կարևոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից»։
Բուհում հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վարչապետ Փաշինյանը պատկերացնում իշխանությունների պայքարը կեղծ լուրերի դեմ, վարչապետը պատասխանեց, որ դա շատ արդիական հարց է Հայաստանի համար. իր և իր ընտանիքի դեմ, մասնավորապես, այդ մեքենան աշխատում է, բայց իշխանությունները չեն պատրաստվում որևէ ոտնձգություն անել մամուլի խոսքի ազատության դեմ։ Հայաստանի ղեկավարի կարծիքով կեղծ լուրերի դեմ պայքարի լավագույն ճանապարհը մարդկանց կրթվածության աստիճանը բարձրացնելն է։
Այսօր Փաշինյանը ոտքով շրջայց կատարեց Քյոլնում, այցելեց քաղաքի կենտրոնական տաճար։ Մեծ թվով հայեր, նախապես իմանալով, որ այդ ժամին Փաշինյանն ու կինը լինելու են քաղաքի կենտրոնում, հավաքվել էին շփվելու, վարչապետի հետ լուսանկարվելու։
Այսօր՝ ավելի ուշ, Հայաստանի վարչապետին ընդունեց Քյոլնի քաղաքապետը, իսկ երեկոյան Փաշինյանը հանդիպում ունեցավ հայ համայնքի 600 ներկայացուցիչների հետ, ովքեր Գերմանիայի տարբեր քաղաքներից Քյոլն էին եկել Հայաստանի ղեկավարի հետ հանդիպելու, նրան հարցեր ուղղելու համար։
Երկօրյա այցի պաշտոնական մասը մեկնարկելու է վաղը։ Այսօր երեկոյան նա Քյոլնից կուղևորվի Բեռլին։ Վաղը նախատեսված է կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունը ճաշի սեղանի շուրջ, ապա երկու երկրների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Վաղը Հայաստանի վարչապետին ընդունելու է նաև Գերմանիայի նախագահը և Խորհրդարանի խոսնակը։ Նախատեսված է նաև գերմանացի գործարարների հետ վարչապետի հանդիպումը, ապա Փաշինյանը իր այցը կամփոփի տեղական հեղինակավոր մի քանի լրատվամիջոցներին հարցազրույց տալով։