«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը վաղը Վերաքննիչ դատարանում հանդես կգա ելույթով:
Այս մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, թե դրա բովանդակությանը ծանոթ չէ:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ վիճարկելու Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշումը:
Փաստաբան Ալումյանի խոսքով, 55-էջանոց ծավալուն բողոքն այսօր ներկայացվեց ամբողջությամբ, սակայն դեռևս իրենց նկատառումները պետք է ներկայացնեն բոլոր փաստաբանները:
Մեղադրող կողմը ներկայացնող դատախազ Վահագն Մուրադյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են առարկել բողոքին այն ամբողջությամբ լսելուց հետո: Դատական նիստը կշարունակվի փետրվարի 1-ին, ժամը 15.00-ին:
Ի դեպ, Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը այսօր ուշագրավ տեղեկություն տրամադրեց վերջին օրերին համացանցում և հեռուստաալիքներից մեկով հեռարձակված ֆիլմի՝ «Գործ N° Մարտի 1»-ի վերաբերյալ: Մամուլով տեղեկություն էր տարածվել, թե ռուսաստանցի ռեժիսոր Ռոման Բաբայանը 100 հազար դոլար է ստացել ֆիլմը նկարահանելու համար:
Փոխանցելով Ռոբերտ Քոչարյանի խոսքը՝ Ալումյանն ասաց․ - «Բացարձակապես ոչ մի գումար կամ հոնորար չի տրվել Քոչարյանի կամ իր մերձավորների կողմից»:
Ֆիլմ նկարահանելու նախաձեռնությունը, ըստ Ալումյանի, բացարձակապես չի եղել Քոչարյանի կողմից, այն եղել է Ռոման Բաբայանի կողմից․ - «Ընդ որում, մարդ է գցել արանքը, որպեսի կարողանա պարոն Քոչարյանի հետ կապ հաստատի և այդ ֆիլմին կարողանա մասնակցել»:
Փաստաբանը մանրամասնեց․ - «Սրանից որոշ ժամանակ անց պարոն Քոչարյանին զանգել է մոսկվայաբնակ մի հայ, խոսքը Ռոման Բաբայանի մասին չէ, և ասել, որ կա մի հայտնի կինոռեժիսոր Ռոման Բաբայան, որը ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Խնդրել է, որ պարոն Քոչարյանը տա հարցազրույց: Պարոն Քոչարյանը հարցրել է, թե բացի իրենից ովքեր են խոսելու, իրեն ասել են, որ ենթադրվում է, որ խոսելու են պարոն Փաշինյանը, պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը և էլի մի շարք այլ անձինք, ովքեր որ էդ ընթացքում կարևոր դերակատարություն են ունեցել: Էդ պայմաններում պարոն Քոչարյանը համաձայնել է հարցազրույց տալ, մի քանի օրվա մեջ օպերատորները և ռեժիսորները եղել են Հայաստանում, իրենից հարցազրույց են վերցրել և էդ ժամանակ էլ իմացել է, որ պարոն Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ, թեև նրանց առաջարկվել է: Դրանից հետո ֆիլմը ոնց է ստեղծվել, ոնց է մոնտաժվել, ոնց է դրվել շրջանառության մեջ, պարոն Քոչարյանին հայտնի չի եղել», - ասաց երկրորդ նախագահ Քոչարյանի փաստաբան Ալումյանը՝ հավելելով, որ ինքը տեղակ չէ, թե արդյոք Քոչարյանը հավանել է այդ ֆիլմը:
Տեղեկություն կար այն մասին, որ Քոչարյանին տեսակցելու ցանկություն է ունեցել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, սակայն երկրորդ նախագահը մերժել է: Անդրադառանլով այս լուրին՝ Հայկ Ալումյանն ասաց․ - «Այդ դեպքն մի քիչ ուրիշ ձև է եղել, ավելի հետաքրքիր է եղել»:
Նա խոստացավ մանրամասները ներկայացնել, երբ կճշտի, թե արդյոք դեմ չէ իր պաշտպանյալը: