Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ. Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Պաշտոնական Բաքուն հատուկ հայտարարությամբ արձագանքել է Հայաստանի վարչապետին, ով երեկ բացառել էր, թե իր կառավարությունը կարող է քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։

«Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով. «այդ պահանջը արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերում, ինչպես նաև հակամարտության կարգավորման շուրջ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված գրեթե բոլոր փաստաթղթերում: Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը չի նշանակում բանակցություններից հրաժարում»:

Երեկ, խոսելով ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին զարգացումներից, վարչապետ Փաշինյանը լրագրողներին ասել էր. «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի իշխանություն չի վարել։ Որևէ զուգահեռ տանելը և նախկինում վարած քաղաքականության հետ ընդհանրություն գտնելու փորձերը կատարյալ մոլորություն են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG