Մատչելիության հղումներ

Եվրոպական պետությունները գրանցել են Իրանի հետ առևտրի համար նախատեսված հատուկ կառույցը


Եվրոյի, դոլարի և իրանական ռիալի թղթադրամներ, արխիվ
Եվրոյի, դոլարի և իրանական ռիալի թղթադրամներ, արխիվ

Մի քանի ամիս շարունակված բանակցություններից հետո Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ի վերջո ստեղծում են այն հատուկ մեխանիզմը, որ հնարավորություն կտա առևտուր ծավալել Իրանի հետ` շրջանցելով Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցները:

Գերմանական ARD հեռուստաընկերության տեղեկություններով՝ երեք երկրները արդեն իսկ գրանցել են INSTEX կոչվող միջպետական կազմակերպությունը, որի անվանումը ձևավորվել է «Առևտրային փոխանակումների աջակցման գործիք» բառակապակցության անգլերեն հապավումից:

Գերմանական դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Իրանի հետ առևտուրը համակարգելու նպատակով ստեղծված այս նորաստեղծ կազմակերպության կենտրոնակայանը տեղակայված է լինելու Փարիզում: Կառույցի ղեկավարությունը կստանձնի Գերմանիայի, իսկ դիտորդական խորհրդի նախագահությունը` Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը: «ԵՄ պետություններից յուրաքանչյուրը ցանկության դեպքում հնարավորություն կստանա մաս կազմել INSTEX-ի դիտորդական խորհրդին», - հաղորդում է ARD հեռուստաընկերությունը:

Եվրոպական պետությունների կողմից ստեղծված այս նոր կառույցը պետք է հնարավորություն տա Իրանի հետ առևտուր ծավալել` չառնչվելով ամերիկյան ֆինանսական համակարգի և ամերիկյան տարադրամի հետ:

«Միացյալ Նահանգները արտատարածքային պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Դա նշանակում է, որ մեր ընկերությունները այլևս ի վիճակի չեն Իրանի հետ առևտուր ծավալել, քանի որ բոլոր վճարումները կատարվում են բանկերի միջոցով, որոնք կախվածություն ունեն ամերիկյան բանկերից և ամերիկյան ներդրումներից», - բացատրելով Իրանի հետ առևտրի հատուկ այս մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը՝ շաբաթասկզբին նշում էր Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը:

Նորաստեղծ այս մեխանիզմի գլխավոր նպատակը տնտեսական այն առավելությունների ապահովումն է, որոնք երաշխավորվել էին Իրանին 2015 թվականի միջուկային համաձայնագրի կնքման ընթացքում: Եվրոպական աղբյուրները, սակայն, նշում են, որ առաջիկա ամիսներին INSTEX-ը հազիվ թե կարողանա լուրջ գործունեություն ծավալել՝ կենտրոնանալով հիմնականում տեխնիկական խնդիրների լուծման վրա: Բայց նույնիսկ լիարժեք գործունեության պայմաններում բրիտանացիների, ֆրանսիացիների և գերմանացիների կողմից ստեղծված այս կառույցը ի վիճակի չի լինի Եվրամիության և Իրանի միջև առևտրի ծավալները վերադարձնել այն ցուցանիշին, որ առկա էր մինչև ամերիկյան պատժամիջոցների սահմանումը:

INSTEX-ի գործունեությունը հիմնականում ծավալվելու է Իրանի հետ սննդամթերքի, դեղամիջոցների և մարդասիրական այլ կարիքները հոգալուն ուղղված գործարքների շուրջ:

«Իրանի հետ նավթային գործարքների նպատակով պատժամիջոցների շրջանցման մեխանիզմը չի օգտագործվի», - պնդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով եվրոպացի դիվանագետներից մեկին:

«Լուրջ փոփոխություններ իրականում չեն լինի: Այս մեխանիզմի ստեղծումն առավելապես քաղաքական ուղերձ է Իրանին, որ մենք հաստատակամ ենք միջուկային համաձայնագիրը փրկելու հարցում: Դա նաև քաղաքական ուղերձ է Միացյալ Նահանգներին առ այն, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր շահերը անգամ արտատարածքային պատժամիջոցների ֆոնին», - Reuters-ի հետ զրույցում նշել է բանակցություններին քաջատեղյակ եվրոպացի դիվանագետը:

Վերջին ամիսներին պաշտոնական Թեհրանը պարբերաբար զգուշացնում էր, որ ամերիկյան պատժամիջոցները շրջանցող մեխանիզմի տապալման դեպքում Իրանը կարող է լրջորեն քննարկել 2015-ին կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու և իր միջուկային ծրագիրը վերսկսելու հարցը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիյա Ամանոյի այսօր տարածած զեկույցի համաձայն, սակայն, Իրանը շարունակում է անշեղորեն կատարել 2015 թվականին կնքված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: «Խիստ կարևոր է, որ հետագայում ևս Իրանը կատարի միջուկային համաձայնագրի դրույթները», - նշում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG