Մատչելիության հղումներ

Շտապօգնության աշխատակիցները հորդորում են իրենց «ապահովել մինիմալ պայմաններով»


Շտապօգնության որոշ աշխատակիցներ երեկվանից սոցցանցերում հրապարակում են աշխատանքից ազատման դիմումների լուսանկարներ։

Բժիշկներ Տարոն Սարիբեկյանը և Վահրամ Բուլղադարյանը ի մի են բերում դժգոհության պատճառները՝ աշխատում ենգերծանրաբեռնված, աշխատավարձերը ցածր են, բժշկական ապահովագրություն էլ չունեն:

«24֊ժամյա աշխատանքը վտանգավոր է ոչ միայն մտավոր և հոգեկան առողջության համար, այլ նաև հիվանդների համար, որովհետև հիվանդները կարող են դառնալ բժշկական սխալի զոհ։ Մենք լսեցինք, որ պոլիկլինիկաների աշխատողները և այլ բժշկական համակարգում աշխատողները շուտով ունենալու ապահովագրություն, և չհասկացա, թե ինչու Շտապօգնությունը պետք է անմասն մնա դրանից, որովհետև Շտապօգնության աշխատողները շատ ավելի հաճախ են ենթարկվում բռնությունների, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ կարող են վթարի հետևանքով առողջական խնդիրներ ունենալ», ֊ ասում է Տարոն Սարիբեկյանը։

Վահրամ Բուլղադարյանը հավելում է. ֊ «Ներկա պահին, երբ մենք անում ենք 30֊40 կանչ, միակ տարբերակը բրիգադաների քանակի ավելացումն է»։

Աշխատակիցները նշում են՝ այս խնդիրները տարիներ շարունակ առկա են եղել, սակայն լուծումներ չեն տրվել, բեռն էլ ավելի է ծանրացել։ 59-ամյա Գագիկ Մելքոնյանը, ով 9 տարի է, ինչ Շտապօգնությունում վարորդ է աշխատում, ասում է. ֊ «Մենք հազիվ հազ հասցնում ենք՝ առավոտվա 9-ից քշում ենք մինչև հաջորդ առավոտվա 9֊ը։ Գիշերները դադար չկա կանչերի։ Էնքան կանչ կա, որ էլ չասած»։

Շտապօգնության աշխատակիցների բողոքն արդարացի է. գերծանրաբեռնվածությունն այսօր իսկապես առկա է, կանչերի թիվն էլ չափազանց շատ, ասում է Երևանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Բժիշկները մեկ 24֊ժամյա հերթապահության համար վճարվում են 17 հազար դրամ, բուժքույրերը՝ 11 հազար, վարորդները՝ 10 հազար դրամ։ Աշխատավարձերի և բժշկական ապահովագրության խնդիրների մասին աշխատանքից ազատման դիմում ներկայացրած բժիշկները ևս բարձրաձայնել են։ Անդրադառնալովայդ խնդիրներին` Ստեփանյանն ասաց. ֊ «Նամանավանդ, երբ տեսան, որ պոլիկլինիկաներում աշխատավարձերը բարձրացան և կիրառվեց ապահովագրությունը, բնականաբար մեր աշխատակիցները բարձրացրին այդ հարցը, որ կուզեին իրենց աշխատավարձերն էլ բարձրանան և ապահովագրության փաթեթը կիրառվեր։ Գիտեք ինչ՝ այդ ապահովագրության մասին այնպես չէ, որ նույն ես չեմ բարձրաձայնել, կամ ակնկալել ենք աշխատավարձի բարձրացում։ Դե՝ կսպասենք։ Իսկապես, միգուցե ինչ֊որ մի բան կփոխվի»։

Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին դեռ չի դիտարկվում աշխատավարձերի բարձրացումն ու ապահովագրությունը, սակայն Շտապօգնության ծառայության բարելավման համատեքստում այս հարցերը կքննարկվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG