Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում խոստացավ, որ Су-30СМ կործանիչների ձեռքբերման ուղղությամբ «առարկայական արդյունքներ» լինելուն պես կհայտարարեն:
Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ Су-30СМ-ների ձեռքբերման մասին պայմանագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն կնքվել է, նման տեղեկություն է տարածվել նաև սոցիալական ցանցերում:
Այդ տեղեկությունը մեկնաբանելու «Ազատության» խնդրանքին Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Ինչպես հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մենք աշխատում ենք Су-30-ների ձեռքբերման ուղղությամբ։ Երբ որ կլինեն առարկայական արդյունքներ, մենք դրանց մասին կհայտարարենք»։
«Ի վերջո, պայմանագիր կնքվե՞լ է, թե՞՝ ոչ», - այս հարցին էլ Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը պատասխանեց․ - «Երբ որ կունենանք առարկայական արդյունք թե՛ պայմանագրի հարցում, թե՛ մատակարարման ժամկետների կամ այլ մանրամասների հարցում, կհայտարարենք»։
Մոտ երկու ամիս առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Երևանը և Մոսկվան մոտենում են Су-30СМ-ների մատակարարման պայմանագրի կնքման եզրափակիչ փուլին: