Մատչելիության հղումներ

«ԱՆ իրավասության շրջանակներում չէր որոշել՝ Մհեր Եղիազարյանը գտնվի՞ «Նուբարաշեն»-ում, թե՞՝ ոչ». Քրմոյան


Մհեր Եղիազարյանը կալանավորված անձի կարգավիճակում է գտնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, և այս դեպքում Արդարադատության նախարարության իրավասության շրջանակներում չէր որոշել՝ նա պե՞տք է գտնվի տվյալ քրեակատարողականում, թե՞՝ ոչ, «Ազատության» հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ խոսելով հացադուլի մեջ գտնվող կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների և իրենց գերատեսչության պատասխանատվության մասին:

«Ոչ վաղ անցյալում մենք հստակ հացադուլի հետ կապված հարաբերությունները կարգավորել ենք Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համահունչ, այսինքն՝ երբ բժիշկը կարող է միջամտել, երբ կարող է արհեստական սնուցում միացնել, որովհետև եվրոպական շատ խիստ չափանիշներ կան, որ մենք չենք կարող որևէ ճնշում գործադրել անձի նկատմամբ, բայց, այդուհանդերձ, մահացածի փաստաբաններն արձանագրում են, և նաև մենք էլ կարող ենք արձանագրել, որ բուժօգնության և հոգեբանական բնույթի աշխատանք տարվել է տվյալ անձի հետ։ Խնդիրը կայանում է նրանում, որ բժիշկն ամեն օր զգուշացնում է հացադուլի բացասական հետևանքների մասին, և նաև չանդրադառնալով վերջնական եզրակացությանը, որովհետև ենթադրում եմ, որ քրեական գործի շրջանակներում կհարուցվի և կուսումնասիրվեն այս փաստերը, այդուհանդերձ ուզում եմ հատուկ շեշտել, որ հացադուլից անձը դուրս է եկել և որոշակի ժամանակ անց է մահացել», - ասաց արդարադատության փոխնախարարը։

Քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները:

«Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը մահացել է բանտում, հունվարի 26-ին՝ սրտամկանի ինֆարկտից։

Խարդախության և կաշառքի միջնորդության համար մեղադրվող Եղիազարյանը կալանավորվել էր դեկտեմբերի 5-ին և հենց նույն օրն էլ հացադուլ հայտարարել, որը տևել էր 44 օր։ Նա հացադուլը դադարեցրել էր հունվարի 17-ին ու տեղափոխվել «Նուբարաշեն»-ի բուժմաս, որտեղ էլ մահացել է։

Եղիազարյանի պաշտպանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ եթե 44-օրյա հացադուլից հետո Եղիազարյանը բուժվեր ոչ թե «Նուբարաշեն»-ի բուժմասում, այլ քաղաքացիական հիվանդանոցում, հնարավոր է՝ նա այսօր ողջ լիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG