Երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը վայրէջք կատարեց Քյոլնում: Այստեղից է մեկնարկում Հայաստանի ղեկավարի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիա:
Այսօր Փաշինյանը ելույթ է ունենալու Քյոլնի տեխնիկական համալսարանում, պատասխանելու է բուհի դասախոսների, ուսանողների հարցերին, վարչապետին ընդունելու է Քյոլնի քաղաքապետը, օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է հայ համայնքի շուրջ 600 ներկայացուցիչների հետ, Գերմանիայում բնակվող հայերը վարչապետին հարցեր ուղղելու հնարավորություն կունենան:
Արդեն վաղը Բեռլինում տեղի կունենան պաշտոնական հանդիպումները. իր նստավայրում Հայաստանի վարչապետին ընդունելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Երկու երկրների ղեկավարները ճաշի սեղանի շուրջ քննարկում կանցկացնեն, բանակցությունների ավարտին Մերկելն ու Փաշինյանը հանդես են գալու մամուլի ասուլիսով:
Կանցլերը Հայաստանում էր անցած տարվա օգոստոսին՝ թավշյա հեղափոխությունից ամիսներ անց:
Բեռլինում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի նախագահի և խորհրդարանի՝ Բունդեսթագի խոսնակի հետ, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում, որը նաև Հայաստանում է գործունեություն ծավալում:
Նախատեսված է Հայաստանի ղեկավարի հանդիպումը գերմանացի գործարարների հետ։ Երկօրյա այցի արդյունքները Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է տեղական հեղինակավոր լրատվամիջոցների հետ զրույցում:
Գերմանիայում Փաշինյանին ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը: Նա էլ հանդիպումների առանձին օրակարգ ունի:
Պաշտոնական պատվիրակության կազմում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: