Մատչելիության հղումներ

Մենք սուպերվարչապետական համակարգից բալանսավորման պետք է գնանք. Փաշինյան


Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, այսօր կառավարության անդամների երդման արարողության ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն...

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցին՝ վարչապետը նշեց, որ Բոլթոնի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում Ղարաբաղի հարց չի քննարկվել, Ղարաբաղ կամ Արցախ անունը չի շոշափվել։

«Ալիևի հետ հանդիպումները, ես ասել եմ, որ դրանք բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակում», - ընդգծեց Փաշինյանը։

«Ազատության» հարցին՝ ԵԱՀԿ նախագահող երկրներից կա՞ արդյոք նախաձեռնություն ի վերջո սկսել բանակցությունները, թափ հաղորդել ղարաբաղյան պրոցեսին, կառավարության ղեկավարը պատասխանեց. - «Այդ հարցը գտնվում է արտգործնախարարների քննարկման օրակարգում։ Մենք պարոն Ալիևի հետ նույնիսկ ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են էդ թեմայով աշխատում։ Իրենք կաշխատեն համանախագահների հետ համատեղ, մեզ ռեկոմենդացիա կներկայացնեն, մենք կորոշենք, թե ինչպես վարվենք»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վերջերս սկսել է շրջանառվել «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը, Փաշինյանը պատասխանեց. - «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի իշխանություն չի վարել։ Որևէ զուգահեռ տանելը և նախկինում վարած քաղաքականության հետ ընդհանրություն գտնելու փորձերը կատարյալ մոլորություն են»։

«Բոլոր գերատեսչությունների համար 30 տոկոս պարգևատրման ֆոնդ է սահմանվել»

Անդրադառնալով պարգևավճարներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս բողոքները, բացատրությունները շատ լուրջ ճեղքում են կառավարության գործունեության և պետական համակարգի թափանցիկության առումով՝ նշելով. - «Կա խնդիր, որը արձանագրվել է և էդ խնդիրը էլի պետք է հանրայնորեն քննարկենք, էդ խնդիրը հասկանանք իր խորության մեջ և գանք համաձայնության, թե ինչպես պետք է էդ խնդիրը լուծվի։ Էլի եմ ասում՝ կառավարման համակարգը ունի մի շատ կարևոր առանձնահատկություն՝ խնդիրները պետք է արձանագրել և պետք է լուծել էնպես, որ հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանենք։ Ամբողջը դա է»։

Փաշինյանը ընդգծեց, որ այսօր Հայաստանի Հանրապետության մարզպետների 90 և ավելի տոկոսի համար այդ աշխատավարձը կարևոր է։

ՊԵԿ պարգևավճարների ֆոնդը ուղիղ կիսով չափ կրճատվել է...

Լրագրողների հարցին՝ ՊԵԿ աշխատողների համար է՞լ, որ 8-9 միլիոն են ստացել, պատասխանեց. - «Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019 թվականի համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևավճարների ֆոնդը ուղիղ կիսով չափ կրճատվել է»։

Վարչապետը հավելեց նաև, որ բոլոր գերատեսչությունների համար 30 տոկոս պարգևատրման ֆոնդ են սահմանել՝ շարունակելով. - «Եվ հիմա ես հույս ունեմ, որ էս պրոցեսը մինչև վերջին անկյունը կբացվի, այսինքն կիմանանք բոլորս՝ ով ինչքան, երբ ինչ է ստացել, և ինչ է սպասվում 2019 թվականին, այդ թվում խորհրդարանում, կառավարությունում։ Եվ հանրայնորեն մենք կունենանք քննարկում, թե ինչպե՞ս ենք վարվում էս իրավիճակում»։

«Միանշանակ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո»

Փաշինյանը նշեց՝ միանշանակ է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է։

«Ի՞նչ է նշանակում նախարարություն ոստիկանության պարագայում, նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար։ Սրանից բխում է, որ այդ ուժային կառույցը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու է։ Հիմա տեսեք, էսօրվա կարգավորման արդյունքում ոստիկանության և ընդհանրապես իրավական համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է։ Այսինքն էնտեղ փոփոխությունները, այդ թվում կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված, հանգիստ, որպեսզի համակարգի կայունությունը չխաթարվի և դրանից երկրի անվտանգությունը չխաթարվի», - ընդգծեց վարչապետը։

«Իսկ որ ոստիկանությունը պետք է լինի, և ընդհանրապես կառավարության առընթեր մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, ես համաձայն եմ», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը ընդգծեց՝ վերջին տարիներին աննախադեպ դեպք է տեղի ունեցել, երբ որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը անձամբ է մասնակցել Խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկումներին։

Մարդիկ ուզում են, որ մի օրում դա տեղի ունենա...

Փաշինյանը հավելեց՝ միանշանակ սուպերվարչապետական համակարգից բալանսավորման պետք է գնան՝ ընդգծելով. - «Մարդիկ ուզում են, որ մի օրում դա տեղի ունենա։ Այո, մի օրում կարելի է դա անել, բայց կարող է պարզվի, որ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ և երկրում անիշխանություն ստեղծվեց։ Էսօր Հայաստանի պետական կառավարման համակարգը թափանցիկ է առավել քան երբևէ, և ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր էն մարդկանց, ովքեր սրա համար ջանք են գործադրում»։

Լրագրողների դիտարկմանը, որ երբ պատգամավոր էիք ասում էիք, որ կառավարությանը պետք է ասող լինի, Փաշինյանը պատասխանեց. - «Կառավարությանը ասող կա, և խորհրդարանը այդ դերը ստանձնում է և կշարունակի ստանձնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG