Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյան․ «Միքայել Հարությունյան, դու մեղավոր չես, մեղավորը քեզ պարտադրողն է»


«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Անդրանիկ Քոչարյանի հետ:

«Ազատություն»․ - [2008 թվականի մարտի 1-2-ին] Բանակի ներգրավվածության կարևորագույն ապացույցը ո՞րն եք դիտարկում:

Անդրանիկ Քոչարյան․ - Նախկին գլխավոր շտաբի պետը չգիտե՞ր բանակային ստորաբաժանումները մարտի 1-ի առավոտյան որտեղ են տեղեկայված եղել․․․ Բազմաթիվ փաստերով դա հրապարակվել է: Էլ չեմ ասում, նույնիսկ դոկումենտալ ֆիլմ հանվեց, և այդ ֆիլմը վերջերս վերջապես ցույց տրվեց Հ1-ով: Գոնե դնեն նայեն: Ինչքա՞ն կարելի էր խաբել, փաստերը աղավաղել, ասել, որ բանակային համարներով տրանսպորտային միջոցների մեջ ոստիկաններ են, երբ որ մենք ինքներս հենց նույն ոստիկանական զորամասերում ապացույցներ ձեռք բերեցինք, որ ոստիկաններ ընդհանրապես էդ մեքենաների մեջ չեն եղել: Ինչ է, տիեզերքի՞ց էին իջել էդ բանակայինները՝ իրենց ինքնաձիգերով և ղեկավար անձնակազմով․․․ Մեր հասարակությունը էդ ամբողջը տեսել է: Հիմա դա հերքելու իմաստը ես էստեղ չեմ տեսնում:

«Ազատություն»․ - Սեյրան Օհանյանն ասում է, որ բանակը մասնակից է եղել արտակարգ դրությունից հետո:

Քոչարյան․ - Լեո փողոցում ի՞նչ ստորաբաժանում էր կանգնած: Եթե գլխավոր շտաբի պետը տեղեկացված չի, կներեք, դա ինձ ծատ մտահոգվելու տեղ է տալիս: Գլխավոր շտաբի պետը կա՛մ Հայաստանից բացակայել է այդ օրերին, կա՛մ չի տիրապետել ընդհանրապես, թե բանակը ով ոնց է օգտագործել:

«Ազատություն»․ - Սեյրան Օհանյանն ասում է՝ արտակարգ դրությունն ապահովելու համար է միայն բանակը օգտագործվել մարտի 2-ին:

Քոչարյան․ - Արդեն գիտեի՞ն, որ ամսի 1-ի գիշերը արտակարգ դրություն պետք է լինի: Բա առավոտյան ի՞նչ էին անում զորքերը էստեղ, արդեն գիտեի՞ն: Գիտեի՞ն, որ ցուցարարներին պետք է ջարդելով․․․ Նշանակում է, որ շատ կարևոր ինֆորմացիա է տալիս մեր հարգարժան գեներալ-գնդապետը: Նշանակում է, որ իրենք տեղեկություն ունեին, որ դեպքերը կարող են զարգանալ այս ուղղությամբ, և, մեր սահմանները թուլացնելով, բանակը տեղակայում էին Երևանի փողոցներո՞ւմ: Փողոցներում տեղակայված լինելը ապացուցված է, էդտեղ հերքելու բան չկա: 0038 հրամանը ապացուցում է ամեն ինչ, 0038 հրամանի այն ծավալը, որ ապացուցված է: Բայց այդ հրամանը ունի նաև այլ հարթություններմ այլ ծալքեր, և էդ ծալքերը հեչ պետք չի, որ մենք դարձնենք քննարկման թեմա:

«Ազատություն»․ - Մարտի 1-ի երեկոյան արդեն տեղակայվա՞ծ էին:

Քոչարյան․ - Արդեն առավոտյա՛ն տեղակայված էին: Մելիք-Ադամյան փողոցում, Հանրապետության հրապարակում տեղակայված էին: Ընդհանրապես դա քննարկելու թեմա չի:

«Ազատություն»․ - Մինչև հրապարակից ժողովրդին ծեծելով դուրս բերելը արդեն տեղակայվա՞ծ էին, թե՞ ծեծից հետո էին տեղակայված:

Քոչարյան․ - Այդ հարցի պատասխանը թույլ տվեք, որպեսզի տա նախաքննական մարմինը՝ եթե գտնի հարմար: Ես ասացի այնքանը, ինչքանը թույլատրելի սահմաններում ես կարող էի Ձեզ ներկայացնեի: Կոչ եմ անում բոլոր էն պատասխանատուներին, որոնք ոչ իրենց մեղքով են մտել էս գործընթացի մեջ, այլ՝ կոնկրետ մարդկանց հրամանների կատարման արդյունքում: Եկեք աջակցեք՝ քննության շահերից ելնելով, բանակի շահերից ելնելով, ամբողջ ուժային համակարգի շահերից ելնելով: Ես հիմա որպես տվյալ հանձնաժողովի նախագահ եմ դիմում:

«Ազատություն»․ - Ձեր կոչը ուղղված է և՛ Սեյրան Օհանյանին, և՛ Խաչատուրովին․․․

Քոչարյան․ - Բոլորին:

«Ազատություն»․ - Ե՛վ Սերժ Սարգսյանին․․․

Քոչարյան․ - Չէ: Ուղղված է էն մարդկանց, որոնց հետ ես 90-ականներին կյանք եմ ապրել․․․ Նույն Վիտալի Բալասանյանին: Պետք չի, որ Արցախի Ազգային հերոսը փորձի ինքը դառնա մարդկանց արած անօրինական գործողությունների փաստաբանը: Պետք է զինվորականները մնան իրենց փառահեղ անցյալի շրջանակում: Եթե իրենց օգտագործել են, էդ մեղավորները անպայման պետք է պատժվեն: Որովհետև բանակային հրամանը պարտադիր կատարման ենթակա է, ես դա չեմ քննարկում: Բայց էդ հրաման տվողը․․․ նույն Միքայել Հարությունյանին ես էդ հարցը տվել եմ: Ասում ա՝ ինչի՞ ես էդ հարցը տալիս, ասում եմ՝ որովհետև դու մինիստր ես եղել, իսկ մինիստրը շարքային զինվոր չի, ինքը նախարար ա և ինքը պարտավոր էր իմանար օրենքները: Եթե չգիտի, դա արդեն իրա պրոբլեմն ա: Դրա համար ինքը փախած ա: Ես ցավում եմ, որ բանակի, մեր զինվորական համակարգում եղած, երբևիցե պաշտոններ զբաղեցրած մարդը, որը նաև նախարար է եղել, էսօր փախած ա: Ես իրոք անկեղծ եմ ասում, նորից եմ կոչ անում Միքայել Հարությունյանին․ որպեսզի բանակը հանենք էս շահարկումների միջից, դու մեղավոր չես, պարոն Միքայել Հարությունյան: Մեղավոր է այն մարդը, որը քեզ պարտադրել ա՝ օգտագործելով քո թուլությունները: Արի, քո ընտանիքի անդամներն էլ թող հպարտանան․․․ եթե ունես հպարտանալու բան բանակի էդ փառահեղ էջերից, թող էդ հպարտությունը մնա ձեզ: Արի և նախաքննության տեսանկյունից տուր էն բացատրությունները, որը բանակի թեման ընդհանրապես կհանի օրակարգից, մեղավորները կպատժվեն, բանակն էլ կզբաղվի մարտական հերթափոխի հարցերով:

«Ազատություն․ - Բայց իրեն ազատազրկում չի՞ սպառնում, եթե նա գա ու ցուցմունք տա:

Քոչարյան․ - Մեր Քրեական օրենսգիրքը նաև ոնց որ թե նման լուծումներ է տալիս անկեղծ բացատրությունները տալու պարագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG