Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով այսօր երեկոյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա:
Ըստ կառավարության հաղորդագրության, այցի շրջանակում Բեռլինում վարչապետը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Նիկոլ Փաշինյանը կայցելի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես կգա ելույթով:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Գերմանիայի Քյոլն քաղաքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի գերմանահայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Քյոլնի քաղաքապետի հետ:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի այցը Քյոլնի տեխնիկական համալսարան և հանդիպում ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ: