Երևանի ավագանու նիստի ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե տարեվերջին տրվող պարգևաճարներից բացի, քաղաքային նախորդ իշխանությունը 2017-ին մոտ 287 մլն դրամի պարգևավճար է տվել աշխատակիցներին ու այդ թիվը թաքցրել հանրությունից՝ չհրապարակելով դրանք:
Իսկ Երևանի ավագանու այսօրվա՝ շուրջ չորս ժամ տևած նիստը մեկնարկեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հայտարարությամբ՝ 19 նոր հաստիքի կարիք կա: Նրա առաջարկը հաստատվեց, բայց ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նկատեց․ - «Ինչպե՞ս է ստացվում, որ մենք մեծացնում ենք հաստիքացուցակը՝ հասցնելով 2030-ի՝ համապատասխան աշխատավարձային ֆոնդով, բայց բյուջեի վրա դա փոփոխություն չի նախատեսում»:
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի արձագանքը․ - «Կառավարման վարչությունում նոր ստորաբաժանումը, որը կբացվի 7 հաստիքով և ևս 3 հաստիքներով կհամալրվեն մյուս բաժինները, դրա արդյունքում մենք ունենում են շուրջ 90 միլիոն դրամի տնտեսում»:
Երկար ու թեժ քննարկվեց ավտոկայանատեղերի հարցը: Ավագանու որոշմամբ շուրջ 30 տնտեսվարողների թույլատրվեց շարունակել իրենց տարածքներին տրված կայանատեղերի շահագործումը: Այս 30-ից շատերը նաև Երևանի տարբեր հրապարակներում ունեն ավտոկայանատեղեր:
Դրանցից է օրինակ՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնը, որի թույլտվությունն ավարտվել է դեկտեմբերին: Ավագանու նիստին ներկա բիզնես կենտրոնի տնօրեն Դավիթ Մկոյանը դիմեց ավագանու անդամներին՝ խնդրելով չզրկել իրենց Շահումյանի անվան հրապարակի ավտոկայանատեղից․ - «Ստորգետնյա ավտոկայանատեղում կան այնպիսի անկյուններ, որտեղ մեքենաները այնպես են կանգնած, որ որպեսզի ծայրի մեքենան դուրս գա, երեք մեքենա պետք է դուրս գա: Այսինքն, պահանջարկը իրականում շատ մեծ է: Շահումյան հրապարակում տրամադրված կայանատեղերը օգտագործվում են ռոտացիոն սկզբունքով: Հորդորում եմ բոլորին աջակցել բիզնեսին»:
Ավագանին մերժեց Մկոյանի խնդրանքն ու, «Էլիտ Պլազա»-ից բացի, նաև «Ամերիա» բանկին արգելեց որպես կայանատեղ օգտագործել Շահումյանի հրապարակը:
Հարցին, թե արդյոք նախքան արգելելը պետք չէր լուծել տրանսպորտի հարցը, քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց․ - «Շատ ճիշտ եք ասում: Բայց դա չի նշանակում, որ եթե էս պահին տրանսպորտի հարցը լուծման ընթացքում է, մենք պետք է արդեն սկսենք կանգնել շատրվանների մեջ և այլն․․․ Նույն հարցը մենք ունենք Հանրապետության հրապարակում»:
Ավագանու անդամներից մի քանիսն ասացին՝ հրապարակները պետք է վերադարձվեն քաղաքին:
Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, արձագանքելով «Էլիտ Պլազայի» տնօրենին, ասաց․ - «Բիզնես էիք սարքում, 17-18 հարկանի շենք եք սարքել, պլանավորեիք, որ այդ շենքի համար 120-130 ավտոկայանատեղին ստորգետյա բավարար չի: Վերադարձրեք Շահումյան հրապարակը երևանցիներին»:
Գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ՍՊԸ-ին ավագանին արգելեց շարունակել Տերյան փողոցի ծառայողական կայանատեղիների շահագործումն ու հաստատեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտւողար Յուրի Խաչատուրովի որդուն պատկանող, Թումանյան փողոցում գործող սրճարանի տարածքի ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը: