Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը հետաձգել է կալանքը երկարաձգելու դեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությունը


«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչրայանի փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ վիճարկելու Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշումը:

Նիստն ասյօր երկար չտևեց, քանի որ գործի հետ ծանոթանալու համար դատախազությանը ժամանակ էր պետք: Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանից տեղեկացանք, որ ներկայացվել է մոտ 60 էջանոց բողոք, որտեղ նշված են պաշտպանական խմբի կարծքիով առաջին ատյանի թույլ տված խախտումները:

«Դա վերաբերում է բոլոր հանգամանքներին կալանքը երկարացնելու, դա վերաբերում է և՛ հիմնավոր կասկածին, դա վերաբերում է և՛ կալանքի հիմքերին կամ խափանման միջոցի հիմքերին, դա վերաբերում է գործը առերևույթ բացառող հանգամանքներին, այսինքն, նախորդ անգամ ասել էի, 300, 300 կետ 1 հոդվածների հակասությանը, դա վերաբերում է անձեռնմխելիությանը, դա վերաբերում գրավ չկիրառելու հիմքերին, դա վերաբերում է մի շարք հանգամանքներ հաշվի չառնելով։ Այսինքն այն հանգամանքները, որ պարոն Քոչարյանը լինելով ազատության մեջ որևէ կերպ չի խոչընդոտել, դրանք թերագնահատելով, հակադրելով հնարավոր պոտենցիալ, տեսական հիմքը», - ասաց Օրբելյանը։

Փաստաբանները շարունակում են պնդել, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ճնշում է իրականացվում: «Երևի լսել եք, որ հիմա շրջանառվում են էսպիս առաջարկներ, որ դատական համակարգը պետք է զտել որոշ դատավորներից և այլն, ես կարծում եմ, հիմա էս գործին առնչվող որոշ դատավորներ փորձում են իրենց տեղը ամրագրել այն ապագա դատական համակարգում՝ այսպիսի պատվերներ կատարելու միջոցով։ Ես կարծում եմ՝ պարոն Արթուր Մկրտչյանը արդեն իրա տեղը ամրագրեց էդ ապագա դատարանում», - նշեց Հայկ Ալումյանը։

«Ազատության» հարցին՝ Ձեր խոսքից նաև ենթադրելի է, որ ամբողջ դատական համակարգը այսօր դատապարտված է ձախողման, եթե բոլորը հիմա պետք է մտածեն իրենց տեղը արևի տակ ունենալու համար, նշանակում է մենք արդարադատություն չե՞ն ունենալու այլևս, Ալումյանը պատասխանեց. «Այո, էլի մնալու է խնդիրը անձերին, որոշակի անձանց, ովքեր որ, ուղղակի քաջություն դրսևորելով, կարող է դեմ գնան էդ ճնշումներին։ Էդպիսի անձինք նախկինում էլ են եղել ու շատ քիչ են եղել, հիմա էլ կան հավանաբար, բայց էլի շատ քիչ են։ Ես նախանձում եմ Արմեն Գևորգյանի պաշտպանին, որ իրենց դեպքում անաչառ է եղել դատավարությունը, բայց դուք գիտեք, հասկանում եք, որ դա նույն բանը չի էլի, ինչ Արմեն Գևորգյանի դեպքում, ինչ մեր։ Ես էլ պարոն Քոչարյանի դեպքում կարող եմ մատնանշել դատավարություն, որ եղել է անաչառ»։

Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանն էլ, օգտագործելով ավելի կոշտ բառապաշար, հերթական անգամ ընդգծեց՝ իր պաշտպանյալին մեղսագրվող հոդվածը տգիտության հետևաք է: Ավելին՝ Քոչարյանի փաստաբանը սահմանադրական կարգի տապալման փորձի մեջ մեղադրեց առաջին նախագահ, 2008-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետորսյանին:

«Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է։ Բոլոր նրանք, որ հակառակն են ասում տգետ են կամ նպատակ են դրել իրենց առջև անել այն, ինչ-որ մինչ օրս արել են, այսինքն ապօրինի կալանավորել, ձերբակալել, մեղադրել հանրապետության երկրորդ նախագահին։ Ես այն կարծիքին եմ, որ սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից, բայց քանի որ փոփխություն մտավ քրեական օրենսգրքում, նրանց մասով քրեական հետապնդումը դադարեցվեց», - ասաց Սահակյանը։

Դատական նիստին այսօր ներկա չէր Քոչարյանը, փաստաբաններն ասացին, որ ամենայն հավանականությամբ նա կգա դատարան, հաջորդ՝ հունվարի 31-ին կայանալիք նիստին: Արամ Օրբելյանից տեղեկացանք նաև, որ տեսակցության արգելքը դեռևս գործում է, սակայն բացառության կարգով որդին և դուստրը այցելել են Ռոբերտ Քոչարյանին: Երկրորդ նախագահը նաև ցանկություն է հայտնել համակարգիչ ունենալ բանտախցում, սակայն առայժմ իրավական, նաև տեխնիկական հարցեր կան:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG