Մատչելիության հղումներ

«Մենք պարոն Փաշինյանի հետ որևէ խոչընդոտ չենք տեսնում մեր առջև դրված խնդիրները լուծելու առումով». Ռուստամյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դաշնակցությունը համագործակցելու խոչընդոտ չի տեսնում:

«Համագործակցության դաշտ կա, շփումը կառուցողական մթնոլորտում է», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ նորընտիր բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ բացելով փակագծերը:

«Մենք հարաբերվելու ենք լինի Փաշինյանը, թե որևէ մեկը, ըստ մեր ունեցած գաղափարաքաղաքական սկզբունքների։ Այդ առումով այսօր ես չեմ տեսնում, որ էդ դաշտը չկա։ Դաշտը կա, ընդհակառակը, մեր հանդիպումները դա են ցույց տալիս։ Պարոն Փաշինյանի հետ մենք խոսում ենք շատ կառուցողական մթնոլորտում, հասկանալի ենք դարձնում միմյանց տեսակետները։ Էդ առումով իսկապես ես լավատեսորեն եմ տրամադրված մեր հետագա համագործակցությունը», - ասաց Ռուստամյանը։

Մինչդեռ Դաշնակցության 33-րդ համաժողովում ղեկավար մարմնի նախկին, երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բյուրոյից հեռանալու իր հրաժեշտի ելույթում կոշտ քննադատության էր ենթարկել Փաշինյանի գլխավորած իշխանության վարած քաղաքականությունը: Դաշնակցաններին կոչ էր արել ժողովրդին համախմբել ու հաջորդ ընտրություններում տուն ուղարկել ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն ստացած քաղաքական ուժին, ստանձնել երկրի ամբողջական կառավարման ղեկը: Սրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ խորհրդարանի մեծամասնության անունից ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամությունը:

Արդյո՞ք վարչապետի ուղերձից հետո Դաշնակցության դիրքորոշումը փոխվել է:

Ռուստամյանը պարզաբանեց. - «Մենք ասել ենք, որ մենք գալիս ենք ամբողջական իշխանության։ Ի՞նչ է դա նշանակում: Առաջինը, սա նշանակում է, որ ունենք խնդիրներ, որ տեսնում ենք, որ էս իշխանությունները ամբողջությամբ չեն ընդունում էն ծրագիրը, որը որ մենք պաշտպանում ենք, և ուրեմն մենք լինելու ենք գաղափարական, քաղաքական ընդդիմություն։ Եթե էդ գծի վրա չեն, ուրեմն մենք ընդդիմություն ենք, իսկ առայժմ չեմ տեսնում, որ բոլորը ամբողջությամբ, լիարժեք ընդունում են, որ էդ գծով է պետք երկիրը զարգանա»։

ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչ է ընտրվել կանդահայ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, որը երկար տարիներ ընդգրկված է եղել ղեկավար մարմնում:

«Ներկա կազմի մեջ կա մեծաթիվ շարունակականություն, բայց նաև կա որոշ փոփխություններ, ներառյալ ներկայացուցչի փոփխությունը։ Բայց, որովհետև Հայաստանի մեջ ավելի աճել է այն մոդելը, թե կուսակցությունը պետք է ունենա միանձնյա ղեկավար, որովհետև նույնիսկ կուսակցության անունը կարող է չհիշվել, բայց ղեկավարի անունն է բոլորի մտքին, էդ մոդելին մենք համաձայն չենք։ Այո, ներկայացուցիչը փոխվել է, բայց մարմինը ընդհանուր ժողովի որոշումներով առաջնորդվելով կահնդիսանա շարունակականություն», - ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչները 13-ն են։ Հայաստանից՝ Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը, Արմեն Ռուստամյանը և Կիրո Մանոյանը, ինը ներկայացուցիչ՝ սփյուռքից: Այս անգամ Բյուրոյում պաշտոն է ավելացել՝ Բյուրոյի նախագահ: Այն զբաղեցնում է Արմեն Ռուստամյանը: Վերջինս էլ խոստովանեց՝ կուսակցության սխալներից քաղած դասերի մասին:

«Էդ դասերից մեկը եղել է այն, որ մենք այլևս որևէ կոալիցիայի, որևէ համագործակցության մեջ չենք մտնի, որտեղ առանց մեզ կարող են որոշումներ կայացնել», - ընդգծեց Բյուրոյի նախահագը։

Արդյո՞ք Դաշնակցության ձախողումները շուրջ 20 տարի անընդմեջ բյուրոյի ներկայացուցիչ ընտրված Հրանտ Մարգարյանի գործունեության հետևանքն են համարում, հետարարքվեցինք Ռուստամյանից: Առավել ևս, որ Հրանտ Մարգարյանն էլ իր համաժողովյան ելույթում խոստովանեց կուսակցության ներսում իր դեմ տարիներ շարունակ մղված պայքարի մասին:

«Մենք չպիտի որևէ կերպ մեկնաբանենք Հրանտ Մարգարյանի չլինելը, որպես բյուրոյի վարած քաղաքականության մերժում։ Էդպիսի բան գոյություն չունի։ Նախ, ոչ բանաձերի մեջ էդպիսի բան կգտնեք», - պատասխանեց Ռուսատամյանը։

Հարցին, թե ինչ կարծիքի են «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման մասին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. - «Քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են, որովհետև մինչև հիմա էլի նորից էս գործը քաղաքական ենթատեքստով էր ներկայացվում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG