Մատչելիության հղումներ

Մեկնարկում են Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումները


Այս տարի նշվում է մեր մեծագույն երգահան Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը կնշանավորվի ողջ տարվա ընթացքում կայանալիք ամենատարբեր ուշագրավ մշակութային իրադարձություններով:

Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված առաջին համերգը տեղի կունենա այս երեկո Արամ Խաչատրյան համերգասարհում, որտեղ կհնչեն նրա լավագույն ստեղծագործությունները Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ՝ 90-ամյա մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

Կեսօրին Կոմիտասի թանգարանում հոբելյանի առիթով հրավիրված ասուլիսին Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն անդրադառնալով հոբելյանական հանձնաժողովի նախաձեռնած ձեռնարկներին՝ շեշտեց նաև, որ 2019 թվականը հագեցած է մեր մշակույթի և արվեստի մեծերի հոբելյաններով և ուրեմն՝ դրանցից բխող նշանակալից մշակութային իրադարձություններով:

Կոմիտասի հոբելյանի կապակցությամբ, որը նշվում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով, Ղարիբյանն ասաց․ - «Հիմնականում նախատեսված են համերգային ծրագրեր, փառատոներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Կլինեն նաև հոբելյանական հրատարակություններ, կթողարկվեն ձայնասկավառակներ, կպատրաստվեն և կհեռարձակվեն հեռուստահաղորդումներ և հոլովակներ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և այլն»:

Բնականաբար, հոբելյանական իրադարձությունների կիզակետում է այս տարի լինելու Կոմիտասի թանգարանը, որը հենց այսօր նշում է հիմնադրման չորրորդ տարին:

2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կայանալիք իրադարձություններից առաջինը նվիրված էր մեծն Կոմիտասին, և հենց այս օրը բացվեց նրա թանգարանը Երևանում:

Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանն ասաց․ - «Կոմիտասի թանգարան-ինստիտուտը իր հերթին նախապատրաստվել է 150-ամյա հոբելյանին: Քանի որ Կոմիտասի ամբողջ ժառանգությունը դեռևս հայտնաբերված էլ չի, գնում են առանձին փնտրտուքներ, կյանքին և ստեղծագործական ուղուն վերաբերող փաստաթղթեր, որոնք, վստահ եմ, կկարողանանք մենք ներկայացնել առանձին»:

Այսօր Կոմիտասի թանգարանը համալրվեց Դավիթ Երևանցու Կոմիտասի մեկ մետրանոց քանդակով, որը տեղադրվեց չինարի ծառի տակ:

Քանդակագործ Դավիթ Երևանցու այս արձանի բրոնզաձույլ 4-մետրանոց բնօրինակը 2003 թվականից կանգնած է Փարիզի Կանադայի հրապարակում հետևյալ մակագրությամբ՝ «Կոմպոզիտոր, երգահան կոմիտասի և Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1․5 միլիոն հայերի հիշատակին»:

Այսօր Դավիթ Երևանցին թանգարանում ներկայացնելվ իր ստեղծագործությունը շեշտում էր․ - «Պատվերը ստացա: 2002 թվականին ժյուրին որոշեց, և ես իրականացրեցի դա: Փարիզում դրված է դա վեց մետր՝ ամբողջ իր պատվանդանով: Չորս մետր Կոմիտասն է: Հպարտ ժողովուրդ է հայ ժողովուրդը: Բոբիկ են հասել Փարիզ և կերտել են, պատվի տեր են դարձել հայերը: Հորովել էի երգում, երբ որ կերտում էի»:

Այս տարի նաև նոր գրքեր և ուսումնասիրություններ կհրապարակվեն Կոմիտասի մասին: «Ազատության» հարցին, թե արդյոք սպասվում են նրա կյանքի ու ժառանգության հետ կապված նոր բացահայտումներ, կոմիտասագետ, թանգարանի գիտական քարտուղար Մհեր Նավոյանը պատասխանեց․ - «Սենսացիոն նորություններ այս պահին չունենք: Սակայն Կոմիտասի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ փաստաթղթային հիմքի, նմուշների, ստեղծագործությունների և այլնի փնտրտուքը երբեք չի դադարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG