Մատչելիության հղումներ

Վանաձորի բանուկ հատվածներում ավտոկայանատեղերից եկամուտ ստացող վարձակալները որևէ ներդրում չեն անում


Վանաձորի ամենաբանուկ հատվածներում ավտոմեքենա կայանելն արժե 200 դրամ։

Վանաձորում ավելի քան 800 քառակուսի մետր տարածքում վճարովի ավտոկանգառներ են գործում, որի կեսից ավելին՝ 520 քառակուսի մետր տարածքը, տնօրինում է Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի նախկին պետ Վիկտոր Դարբինյանը, ով նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հորեղբորորդին է։

Նա դեռ 2005 թվականին, երբ ղեկավարում էր ոլորտը վերահսկող բաժինը, քաղաքապետարանի անունից իր որդու հետ պայմանագիր է կնքել և 520 քառակուսի մետր տարածք վարձակալության տվել՝ «վճարովի ավտոկանգառ կազմակերպելու նպատակով»։ 6 տարի առաջ պայմանագիրը երկարացվել է ևս 17 տարով՝ մինչև 2030 թվականը։

«Ազատության» հարցին՝ այդ ժամանակ Դուք պաշտոնյա էիք և որոշեցիք Դուք ինքնե՞րդ կազմակերպությունը բացել, Վիկտոր Դարբինյանը պատասխանեց.- «Ես չորոշոեցի, ես ընդամենը իմ ընտանիքի անդամներին տեղյակ պահեցի, որ սենց բան կա, դուք էլ եկեք մասնակցեք, որովհետև մեծ տղաս, փեսաս ուզում էին մի աշխատանքով զբաղվեին։ Ես մենակ ինֆորմացի եմ տվել, եկել են, մասնակցել, շահել»։

Վանաձորի ավագանին երբևէ ավտոկայանատեղերի համար տեղական տուրք չի սահմանել։ Երևանում գործող կարմիր գծերի մասին քննադատության արժանացած կարգը Վանաձոր չի հասել։ Ավագանին դեռ 2015-ին անգամ մերժել է կարմիր գծանշումների նախաձեռնությունը, բայց քաղաքապետն այսօր էլ վարձակալությամբ տարածքներ է հատկացնում, կայանատեղեր կազմակերպելու իրավունք տալիս։ Վարձակալների որոշմամբ՝ Վանաձորի ամենաբանուկ հատվածներում ավտոմեքենա կայանելն արժե 200 դրամ։ Կայանողները վճարից են դժգոհում, հսկիչները, թե՝ հարուստները չեն վճարում։

«Ո՞ւմ է դուր գալիս դա։ Ինչի՞ համար պիտի տան։ Էս փողոցը իրե՞նք են սարքել, որ փողոցի համար փող են ուզում», - նշեց կայանողներից մեկը։

«Էսօր եկել է КГБ-ի պետը, չի վճարել, թողել գնացել է։ Դուռը թխկացնում եմ, ասում եմ վճարում արեք, սկի լսել էլ չի ուզում, մարդի տեղ էլ չի դնում։ Հետո ինձ տղերքը ասեցին՝ բա КГБ-ի պետ է, ո՞նց ես դրանից ուզում։ Ասի՝ ինձ համար ավելի լավ, որ КГБ-ի պետ է, հարուստ մարդ է, ավելի ևս նա պետք է վճարի։ Ինչի՞ պետք է շարքային մարդը վճարի, իրենք չվճարեն», - ասաց հսկիչը։

Անցած շաբաթ 200 դրամանոց վճարովի կայանատեղի հերթական ցուցանակը հայտնվեց քաղաքի հրապարակում՝ քաղաքապետարանի հարակից տարածքում։

Տարածքի վարձակալ Լևոն Ղամբարյանն «Ազատությանն» ասաց.- «Ես հենց ստեղ ծնվել, մեծացել եմ, 26 տարի ապրել եմ ու փորձում եմ հրապարակ շարժվող ինչ կա իմն է, օրենքի շրջանակներում, ինչից կարելի է փող աշխատել»։

Հրապարակի հարակից տարածքից վճարովի կանգառ հիշեցնող ցուցանակն ու հսկիչն արդեն հեռացվել են, իսկ վանաձորցի տնտեսվարողի հետ մեկ ամիս առաջ պայմանագիր կնքած քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պնդում է, թե իրենք տարածքները վարձակալության են տվել ավտոկայանատեղի կազմակերպելու համար՝ ոչ որպես վճարովի ծառայություն։

«Նման հսկիչները, ովքեր որ մեքենաների երթևեկն են, այսպես ասած, հսկում, նրանք հոնորարի նման մեկը պահանջելու նման, կարծում եմ, պիտի մի քիչ ավելի քաղաքացիները խստապահանջ լինեն, և ովքեր, որ իրենցից գումար են պահանջում, պիտի ասեն՝ լավ ի՞նչ օրենքով, ի՞նչ տնտեսական գործունեության հիմքով եք դուք ինձանից գումար պահանջում», - նշեց Մամիկոն Ասլանյանը։

Քաղաքապետարանի հետ դեռ 14 տարի առաջ կնքված պայմանագրով վճարովի ավտոկականգառ ունենալու իրավունք ստացած Վիկտոր Դարբինյանը, մինչդեռ, անհասկանալի է համարում քաղաքապետի հայտարարությունը։

«Ներկա գործող քաղաքապետը անպատասխանատու հայտարարություն է արել, որ իբր Վանաձորում վճարովի ավտոնակգառներ չկա։ Ինքը լավ գիտեր, որ կա վճարովի ավտոկանգառ։ Ինչի՞ է տենց անպատասխանատու հայտարարություններ արել», - նշեց Վիկտոր Դարբինյանը։

Վիկտոր Դարբինյանի ձեռքի տակ եղած պայմանագրում հստակ նշված է, որ սննդի շուկայի հարակից ամբողջ փողոցը վարձակալությամբ տրվում է հենց «վճարովի ավտոկանգառ կազմակերպելու համար»։ 2017 թվականին քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանի օրոք կնքված պայմանագրերում արդեն «վճարովի» նշումը չկա։

«Ըստ էության, մեր պայմանագրից չի բխում, որ իրենք պետք է գումար գանձեն քաղաքացիներից», - ընդգծեց քաղաքապետը

Նշենք, որ առանց որևէ ներդրում կատարելու քաղաքի բանուկ հատվածներում եկամուտ ստացող վարձակալներն, ըստ պայմանագրերի, պատասխանատու չեն տարածքի մաքրության, բարեկարգման, լուսավորության կամ ճանապարհի վերանորոգման համար։ Տարիներ շարունակ վարձակալները որևէ ներդրում չեն արել այս հատվածներում՝ բացի 200 դրամանոց կանգառի մասին հիշեցնող ցուցանակներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG