Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը


Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը կշարունակի մնալ ազատության մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը։

«Դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը և մերժեց երկու կողմերի բերված վերաքննիչ բողոքները։ Այսինքն՝ այս պահի դրությամբ ուժի մեջ է առաջին ատյանի որոշումը», - նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գևորգյանը։

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել էր նաև պաշտպանական կողմը՝ դատարանից պահանջելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի՝ այսինքն Գևորգյանին չկալանավորելու որոշումը:

Դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:

Դեռ 2018-ի օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

2018-ի դեկտեմբերի 11-ին Գևորգյանին 3 նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG