Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանն այսօր Երևանում կսկսի բանակցությունները Հայաստանի նոր ղեկավարության հետ։ Սա եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Երևան՝ թավշյա հեղափոխությունից հետո, որի ընթացքում Բրյուսելը մտադիր է իր աջակցությունը հայտնել նոր կառավարության սկսած բարեփոխումներին, «Ազատության»-ը տված հարցազրույցում ասաց Հանի մամուլի խոսնակ Մայա Կոսիյանչիչը:
«Հանձնակատարը Երևանում է՝ քննարկելու այն աջակցությունը, որ Եվրամիությունը տրամադրում է Հայաստանին բարեփոխումների ճանապարհին: Հանձնակատարը կհանդիպի նոր կառավարությանը, նախագահ Արմեն Սարգսյանին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, այցի հիմնական ուղերձը աջակցությունն է Հայաստանի բարեփոխական ջանքերին, որոնց նպատակն է բարելավել քաղաքացիների կյանքը», - նշեց Կոսիյանչիչը:
Հանձնակատար Հանը եվրոպացի առաջին պաշտոնյաներից էր, որ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Երկու պաշտոնյաները նաև մեկ անգամ արդեն հանդիպել են՝ անցած աշնանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում:
Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության, Փաշինյանը եվրոպացի հանձնակատարին վստահեցրել էր, որ իր կառավարությունը հետամուտ է ժողովրդավարության ամրապնդմանն ու ընդգծել՝ այս հարցում Երևանն ակնկալում է ԵՄ համընդգրկուն աջակցությունը:
Հանը բանակցություններից հետո Թվիթերում գրել էր. - «Շատ լավ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետի հետ: Ես վստահեցրի Փաշինյանին, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել նրա բարեփոխումներին ու Հայաստանին: Տեսնենք՝ ինչպես կարող ենք մեր օգնության փաթեթն ավելի նպատակային օգտագործել՝ առաջնային բարեփոխումների համար»:
Հանձնակատարի այցը համընկնում է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի տասնամյակին, որով Բրյուսելն աջակցություն է տրամադրում նախկին Խորհրդային Միության վեց պետություններին, այդ թվում՝ Հայաստանին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու տնտեսության ազատականացման ուղղությամբ կատարված բարեփոխումների համար:
Հանձնակատարի խոսնակ Մայա Կոսիյանչիչի հաղորդմամբ, երևանյան այցի ժամանակ Հանը կանդրադառնա նաև այդ ծրագրին ու երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
«Այս այցով նա ցանկանում է նաև կարևորել Հայաստանի հավատարմությունը Արևելյան գործընկերությանը, որի տասնամյակն է այս տարի, և այդ համատեքստում ընդգծել առավել ընդարձակ տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը, որը կնպաստի ոչ միայն տարածաշրջանի, այլև ընդհանուր առմամբ ողջ Եվրոպայի բարգավաճմանն ու կայունությանը», - «Ազատության»-ն ասել է Մայա Կոսիյանչիչը: