ԵՄ արտգործնախարարի խոսնակն անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շաբաթ օրը Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին։
«Մհեր Եղիազարյանը հացադուլից հետո մահացել է կալանավայրում, մենք տեղյակ ենք այս դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը հանձնառու է խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելմանը և մարդու արժանապատվության պահպանմանը ցանկացած հանգամանքներում։ Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կերաշխավորի դեպքի պատշաճ քննություն և կձեռնարկի դրանից ելնող համապատասխան քայլեր», - նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Մայա Կոչիյանչիչը՝ պատասխանելով «Ազատության» Բրյուսելի թղթակցի հարցին։
«Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը մահացել էր սրտամկանի ինֆարկտից, որին նախորդել էր 44-ամյա հացադուլը: Ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 3-ին ձերբակալել է Եղիազարյանին, նրան առաջադրել մեղադրանքներ խարդախության և կաշառքի միջնորդության հոդվածներով, իսկ դեկտեմբերի 5-ին դատարանը կալանավորել է Եղիազարյանին, ով այդ օրվանից հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ իր գործը քաղաքացիաիրավական հարթության մեջ պետք է քննվի և քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Հունվարի 17-ին Եղիազարյանը հացադուլը դադարեցրել է և պառկել «Նուբարաշենի» բուժմասում, սակայն նրա վիճակը չի կայունացել մինչև մահվան օրը: