Շաբաթ առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտամկանի ինֆարկտից մահացած Մհեր Եղիազարյանի պաշտպանը վստահ է՝ եթե 44-օրյա հացադուլից հետո իր պաշտպանյալը բուժվեր ոչ թե «Նուբարաշենի» բուժմասում, այլ քաղաքացիական հիվանդանոցում, հնարավոր է՝ նա այսօր ողջ լիներ։
«Համենայնդեպս, քրեակատարողական ծառայությունում նման մասնագետներ դժվար թե լինեն, որ 44 օր հացադուլից հետո կարողանան առանց վատ վերջաբանի դադարեցնեն հացադուլը», - կարծիք հայտնեց Վահե Արմենակյանը:
Ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 3-ին ձերբակալել է «Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանին, նրան առաջադրել մեղադրանքներ խարդախության և կաշառքի միջնորդության հոդվածներով, իսկ դեկտեմբերի 5-ին դատարանը կալանավորել է Եղիազարյանին, ով այդ օրվանից հացադուլ է հայտարարել։
«Իմ պաշտպանյալը հայտարարում էր, որ առաջադրված մեղադրանքը՝ խարդախության և կաշառքի միջնորդության հիմքով, ապօրինի է: Նա չէր հերքում, որ գումար չի վերցրել, նա գտնում էր, որ դա քաղաքացիաիրավական հարթության մեջ պետք է քննվի», - պատմեց պաշտպանը՝ մանրամասնելով․ - «Գտնում էր, որ քրեական գործ ընդհանրապես պետք է չհարուցվեր, քանի որ Հայաստանի Հանրապետությունում տասնյակ հազարավոր մարդիկ իրարից գումարներ են վերցնում՝ հետագայում վերադարձնում: Էդ հիմքով հայտարարեց հացադուլ, որ պատկան մարմինների ուշադրությունը ավելի սևեռի իր խնդրի վրա»:
Եղիազարյանը 44 օր անց՝ հունվարի 17-ին, հացադուլը դադարեցրել է և պառկել «Նուբարաշենի» բուժմասում, ըստ փաստաբանի՝ նրա վիճակը չէր կայունանում, հետևաբար մինչև մահվան օրը պառկած է մնացել բուժկետում, ունեցել փսխումներ, չի կարողացել ընդունել սնունդ։
Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ տեղի ունեցածի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են հղելու Արդարադատության նախարարությանը։ - «Արդյոք այն առողջական վիճակը, որը ուներ անձը, բավարար էր, որպեսզի իրեն պահեին քրեակատարողական հիմնարկում ու ամենակարևորը՝ արդյոք «Նուբարաշենի» համապատասխան բուժծառայությունները բավարար էին, որպեսզի իր կարիքները հոգային», - հարցնում է Հարությունյանը:
ԱԱԾ քննիչը տեսակցության արգելանք էր դրել՝ թուլ չտալով Եղիազարյանի ընտանիքի անդամներին այցելել նրան: Նրա փաստաբան Վահե Արմենակյանի խոսքով՝ արգելանքի հետ կապված հիմնավոր փաստարկ քննիչն այդպես էլ չի ներկայացրել։ Եղիազարյանի որդին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ պատմելով, որ խնդրել են քննիչին վերջինիս ներկայությամբ թույլ տալ զրուցել հոր հետ՝ համոզելու դադարեցնել հացադուլը, սակայն քննիչը թույլ չի տվել։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր հերթին հայտարարում է, որ պարբերաբար այցելել են Եղիազարյանին, իրենց իրավասության սահմաններում ձեռնարկել անհրաժեշտ միջոցները, մասնավորապես, օրինակ, գրությամբ հայտնել են դատախազությանը, որ Եղիազարյանը սրտանոթային հիվանդությամբ պայմանավորված հաշմանդամության կարգ ուներ, ինչպես նաև բարձրացվել է մերձավոր ազգականների հետ նրա տեսակցությունների ու հեռախոսազրույցների արգելանքը վերացնելու հարցը։ Եվ գլխավորը՝ Օբուդսմենի գրասենյակը ևս անհրաժեշտ է համարել փոխել Եղիազարյանի խափանման միջոցը։
Գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը, սակայն, դատարանը հունվարի 16-ին մերժել է․ հաշվի չեն առել նաև «Բարգավաճ Հայաստանի» երկու պատգամավորների՝ Նաիրա Զոհրաբյանի և Սերգեյ Բագրատյանի երաշխավորագրերը։ Ըստ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց «յոդով ու սանտավիկով բուժելու» պրակտիկային պետք է վերջ տալ։ Պատգամավորը նկատում է այս տարի փաստորեն արդեն 3 ազատազրկված անձ մահացել է Հայաստանի կալանավայրերում։ - «Եթե մարդը 44 օր հացադուլ է անում, նման տևական հացադուլը կատաստրոֆիկ սթրես է օրգանիզմի համար և թող որևէ մեկը հիմա չփորձի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել և ասել, որ հացադուլը բացարձակապես չէր ազդել մահվան վրա: Չի կարող 44֊օրյա հացադուլը օրգանիզմը չհասցնել ծայրահեղ հյուծման», - ընդգծեց պատգամավորը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով տեղի ունեցածին, գրել է, որ Եղիազարյանը շարունակ եղել է «Նուբարաշենի» բուժաշխատողների ուշադրության կենտրոնում, 2 անգամ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն հետազոտության, ապա վերադարձվել։
«Կարծում եմ, որ քրեակատարողական ծառայությունը Մհերի հացադուլի ընթացքում իրականացրել է հնարավոր ամենը՝ հացադուլի ընթացքում և դրանից հետո նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու և նվազեցնելու ուղղությամբ», - գրել է նախարարը։
Ե՛վ Նաիրա Զոհրաբյանը, և՚ կալանավայրերում հասարակական դիտորդական խմբի անդամները, սակայն, պնդում են՝ մահվան հերթական դեպքը պետք է ազդակ լինի Արդարադատության նախարարությանը կատարել համակարգային, լուրջ ու ծավալուն բարեփոխումներ, հաշվի առնել այն, որ, ըստ Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության՝ Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանը 2018 թվականի տվյալներով առաջին հորիզոնականում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով:
«Ունենք նաև ցուցանիշ, որ Հայաստանը կալանքի կիրառման տեսանկյունից ևս բավական բարձր հորիզոնականներում է գտնվում», - փաստում է «Ազատազրկման վայրերում հասարակական դիտորդական» խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը։