Մատչելիության հղումներ

Բանակում «չեն լինելու անկոչ, ինքնակոչ առաջնորդներ»


Զինված ուժերում կրիմինալի դեմ ուժգին պայքար ենք մղում, ինքնակոչ առաջնորդներ չկան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց Բանակի 27-րդ տարեդարձի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ինչ վերաբերում է կրիմինալ՝ դրա դեմ շատ մեծ պայքար է գնում: Այսինքն՝ չեն լինելու անկոչ, ինքնակոչ առաջնորդներ: Այդ իսկ պատճառով մենք և՛ սերժանտական կազմի դերակատարությունն ենք բարձրացնում, և՛ կրտսեր սպայական կազմի գործունեությունը լինելու է ավելի հստակ», - հավելեց պաշտպանության նախարարը:

Հայաստանի բանակը պետք է լինի միջազգային չափանիշներին համապատասխան, Ժամկետային պարտադիր ծառայության և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգն է բարելավվելու, ասաց նախարարը: Պայմանագրային ամբողջական ծառայության անցնելու պայմաններ այսօր չկան, հավելեց Տոնոյանը․ - «Անելու ենք ամեն ինչ, և՛ ժամկետային պարտադիր ծառայության, և՛ պայմանագրային ծառայության փոխլրացվող համակարգը շարունակելու է բարելավվել, ստեղծվել: Այլ տարբերակ չունենք՝ պայմանագրային ամբողջական ծառայության անցնելու պայմաններ այսօր առկա չեն»:

Բանակի օրվա առթիվ այսօր «Եռաբլուր» էին այցելել Հայաստանի և Արցախի ղեկավարները՝ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Անվտանգության խորհրդի անդամները, Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG