Բանակում մարդու իրավունքների խախտման դեպքերը շարունակվում են, անպատժելիության մթնոլորտ է դեռ տիրում, պնդում է բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, հավելելով նաև՝ բանակում մահվան դեպքերը պատշաճ ուշադրության չեն արժանանում։
«Զորամասերում կա կրիմինալ մթնոլորտ և պետք է այդ մթնոլորտը փոխել։ Արդեն երևի 8 ամիս պաշտոնավարման ընթացքում որևէ հայտարարություն, ելույթ մենք չենք լսել պաշտպանության նախարարից», - փաստում է իրավապաշտպանը: - «Դեպքերը մահվան տեղի են ունենում և այդ դեպքերը կոծկվում են և չեն բացահայտվում, մեղավորները չեն պատժվում, էլ չեմ ասում, որ միայն շարքային զինծառայողներ են մեղադրվում և պատժվում, և անպատժելիության մթնոլորտը պահպանվում է բանակում»:
Ըստ պաշտոնական վիճակագրության, բանակում մահվան դեպքերը 2018 թվականին նվազել են 17, իսկ զինծառայության հետ կապված մահվան դեպքերը՝ 32 տոկոսով։ Հայաստանի Զինված ուժերում և Արցախի Պաշտպանության բանակում 2018 թվականի ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 36-ը՝ պայմանագրային զինծառայող:
«63-ը դա սարսափելի մի թիվ է: Դա շատ մեծ թիվ է այս փոքր երկրի համար, որ տարեկան 63 երիտասարդ տղա չվերադառնա հետ բանակից», - ասում է Ժաննա Ալեքսանյանը: - «Ես առաջընթաց չեմ նկատում բանակում, ընդհակառակը՝ շատ բողոքներ ենք մենք ստանում: Առաջ ծնողները գոնե կարողանում էին ինչ-որ բողոքներ ներկայացնել Պաշտպանության նախարարություն, պատասխան ստանալ, ուշադրության արժանանալ առհասարակ, բայց հիմա դա չկա»:
Հաշվի առնելով վիճակագրությունը՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ մարդու իրավունքների վիճակն այս ընթացքում չի փոխվել, անպատժելիության մթնոլորտն էլ զինված ուժերում հաղթահարված չէ:
«Ճիշտ է սնունդի կամ հագուստի բարելավման, որակի բարձրացման մասին տվյալներ են ներկայացվում, քայլեր կատարվում են, բայց զինվորական կարգապահության ապահովման վիճակը չի փոխվում», - ասում է իրավապաշտպանը՝ շարունակելով․ - «Սա մի քանի հանգամանքներով է պայմանավորված. առաջին հերթին, որ մենք նախկին տարիներին Զինված ուժերում մարդու իրավունքների, զինծառայողների իրավունքների խախտումներ կատարած սպաների փոփոխման վերաբերյալ որևիցե քայլ չենք տեսնում: Ավելին՝ ահազանգերը կամ մտահոգությունները, որ անպատժելիության համար պատասխանատու սպաները դեռևս շարունակում են ծառայել, նույնիսկ պաշտոնի բարձրացումներ են ունենում՝ սա առկա է»: