Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումներին ընդառաջ՝ Գերմանիան, Ֆրանսիան և Իսպանիան հայտարարել են, թե ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչելու են ժամանակավոր նախագահ, եթե մոտ ապագայում ազատ և արդար ընտրություններ չանցկացվեն:
Ընդդիմության կողմից փակուղի մղված Նիկոլաս Մադուրոն հրաժարվել է հրաժարական տալ անցած տարի կայացած վիճահարույց ընտրություններից հետո: 2019-ի տարեսկզբին նա երկրորդ անգամ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը:
Միացյալ Նահանգները, Կանադան, Հարավային Ամերիկայի ու Եվրոպայի ավելի քան երկու տասնյակ երկրներ աջակցում են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին: Մի շարք այլ երկրներ՝ այդ թվում Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Կուբան, Նիկարագուան, պաշտպանում են Նիկոլաս Մադուրոյին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հունվարի 26-ի նիստը հրավիրվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: